ՀայՓոստ. Քվեարկենք Հայաստանի նամականիշի օգտին
ՀայՓոստը մասնակցում է ՓոստԵվրոպայի կողմից հայտարարված «Պատմություններ և առասպելներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթին: Հայաստանն այս տարի ներկայացնում է Աստղիկ աստվածուհու պատկերով փոստային նամականիշը։
Ըստ հայկական դիցաբանության՝ Աստղիկը սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին էր: Հայկական առասպելի համաձայն՝ արտասովոր գեղեցկությամբ օժտված Աստղիկը ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստվածուհու գեղեցկությամբ հիանալու համար երիտասարդները խարույկ էին վառում Տարոնի շրջանի Դաղոնաց լեռան վրա։ Սակայն Աստղիկը ամեն գիշեր մշուշով պատում էր Տարոնի հովիտը, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանար տեսնել։
Նամականիշի դիզայնի հեղինակն է «Ինդիգո Բրենդինգ» գործակալությունը:
Քվեարկել կարող եք մինչև 2022 թ. սեպտեմբերի 9-ը, հետևյալ հղումով՝ http://www.posteurop.org/europa2022
Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և տևում է ընդամենը մեկ րոպե:
- Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր),
- Ընտրե՛ք Հայաստանի նամականիշը,
- Սեղմե՛ք «Vote» կոճակը (էջի ստորին աջ անկյունում):
Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին:
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «ԵՎՐՈՊԱ» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «ԵՎՐՈՊԱ» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:
Նշենք, որ 2019թ. ամենամյա «ԵՎՐՈՊԱ» մրցույթում Հայաստանի կողմից ներկայացված գյուղական ծիծեռնակի պատկերով նամականիշը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2020թ. Գյումրին պատկերող նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ: