Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկան՝ վերապատրաստման դասընթաց «Դոմ Մոսկվի» կենտրոնում
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ «Ռուսաց լեզվի դսավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից ՀՀ 10 մարզերում կազմակերպվող երկամսյա ռուսերենի անվճար դասընթացների ուսուցիչները։ Վերապատրաստման դասընթացը վարում էին ոլորտի առաջատար մասնագետները, որոնք մասնակիցներին փոխանցեցին դասավանդման ժամանակակից տեխնիկան, լեզվամտածողության նորությունները, ուսումնական գործունեության կազմակերպման ձևերը, ինտերակտիվ դասապրոցեսի հմտությունները։
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում ռուսերենի կրթության մակարդակի բարելավմանը: Այդ նպատակին են ծառայում 28 քաղաքներում բացված ռուսերենի անվճար դասընթացները և տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոնները։ Խորին շնորհակալություն մանկավարժներին իրենց անձնվեր աշխատանքի, նվիրումի և մասնագիտության հավատարմության համար։ Նրանք ներդրումը անհռելի է սերնդի դաստիարակության և կրթության գործում»,-նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ռուսերենի անվճար դասընթացների ծրագիրը համակարգող Ռենեիդա Ներսիսյանը ներկայացրեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի հրատարակած երեխաների համար ռուսերենի ուսուցման դասընթացների մեթոդական ձեռնարկը: Զեկույցներով ներկայացան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսոր Լիաննա Մաթևոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Էվելինա Բայաթյանը և նույն համալսարանի ռուսաց լեզվի և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը։
Դասընթացի ավարտին դասախոսները ընդգծեցին, որ նման նախագծերը կարևոր են փորձի փոխանակման և նոր հմտություններ ձեռք բերելու համար: «Ուսուցիչները անընդհատ փնտրում են նոր գաղափարներ, մեթոդներ և ուղիներ իրենց աշակերտներին լավագույնը փոխանցելու համար։ Նման սեմինարներն շատ կարևոր են մեզ համար», – նշեց Քաջարանի քաղաքի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինա Զախարյանը։
Հյուրերի համար կազմակերպվել էր նաև ճանաչողական էքսկուրսիա, որի ընթացքում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կրթամշակութային և հումանիտար հարցերով մասնագետ Արամ Գյուրջյանը և գրադարանավար Մարինա Ղևոնդյանը պատմեցին կենտրոնի կառուցման և գործունեության մասին, ներկայացրեցին կենտրոնի հարուստ գրադարանային ֆոնդը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ։