Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» երրորդ համաժողովը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-3-ը և արդեն երրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։
«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։
«Այս տարի նկատվում է մարդկանց ավելի մեծ հոսք, ավելի շատ մարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել, կրկնակի շատ մասնակիցներ են գրանցվել: Արհեստական բանականության և տվյալագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծ թափ է առել: Այն նկատելի է դառնում խոսնակների քանակի, ինչպես նաև հովանավոր ընկերությունների քանակի աճից: Անցյալ տարի 3 լսարան էինք հատկացրել ելույթների համար, սակայն այս տարի ունենք 4 լսարան բոլոր ելույթները էլ ավելի հասանելի դարձնելու համար»,- նշում է «Դատաֆեսթ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։
Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սաուդյան Արաբիայից, Իռլանդիայից և այլն։ Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլն, ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։
Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։
Միջոցառման հովանավորներն են Intent AI, Digitain, PMI Science, Picsart, Portmind, WorldQuant, AimStack, AMD, Krisp, One Market Data, Plat AI, Simply Technologies և Deem Communications ընկերությունները:
Համաժողովի կազմակերպիչներն են «Դատաֆեսթ Երևան» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը։