Էներգետիկայի փոխնախարար և Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը կարող է գլխավորել Գազպրոմ Արմենիան
Հրապարակն անդրադարձել է «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահ նշանակման մասին լուրերին։ Կայքը նաև տեղեկություններ է հայտնել այն մասին, թե ով կփոխարինի Վարդան Հարությունյանին Գազպրոմ Արմենիայի ղեկավարի պաշտոնում։
«Մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնանկ կարվի, նրա փոխարեն կնշանակվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելու դեպքում քննարկվում է Կարեն Կարապեռյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն նշանակելու հարցը:
Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. նա սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: Երիտասարդ փոխնախարարը ահռելի ունեցվածքի տեր է։ Էներգետիկայի փոխնախարարը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ ԱԱԾ տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե «Գազպրոմի» տնօրեն կարող է դառնալ Կարեն Կարապետյանի որդին` «Գազպրոմում» տնօրենի տեղակալ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով, 29-ամյա Տիգրան Կարապետյանը», – գրում է կայքը։