«BarCamp-ին ավելի կարևոր է նույն մասնագիտության տեր մադկանց շփումը, քան անպայման ինչ-որ նոր բան սովորելը»
Հուլիսի 16-ին Երևանում մեկնարկեց BarCamp չկոնֆերանսը՝ IT համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը։ Երկօրյա (հուլիսի 16-17) չկոնֆերանսի շրջանակում սկսնակ և փորձառու մասնագետները, ոլորտով հետաքրքրված անձինք լսեցին ելույթներ՝ ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ամենանորարար գաղափարների մասին։ Այս տարի միջոցառումն անկացվեց 10-րդ անգամ։
«Բիզնես 24»-ի հետ զրույցում react ծրագրավորող, Ռենդերֆորեսթի աշխատակից Խաչատուր Վիրաբյանը, ով BarCamp-ին ուներ իր գրանցված ելույթը, կիսվեց տպավորություններով, փորձով և սպասումներով․ «Ես դարձել եմ ծրագրավորող շատ կարճ ժամանակում, ինձ շատ է օգնել միջավայրը, մարկանց հետ շփումը, հիմա իմ պարտքն եմ համարում նույնը հետ տալ և BarCamp-ը լավ հնարավորություն է դրա համար»։
Նա համոզված է՝ պետք չէ վախենալ կարծիքն արտահայտելուց, փորձով կիսվելուց։ Խաչատուրը նշեց, որ լավ կլիներ՝ շփումը մեծ լիներ արդեն փորձառու մասնագեների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից․«Շատ ուրախացա, որ այստեղ արտասահմանից հյուրեր են ներկա։ Ըստ իս՝ BarCamp-ին ավելի կարևոր է նույն մասնագիտության տեր մադկանց շփումը, փորձի փոխանակումը, քան անպայման ինչ-որ նոր բան սովորելը»։
Բացի շփումը, թե էլ ի՞նչ է պետք լավ ծրագրավորող դառնալու համար, մեր զրուցակիցն ասաց․ «Անընդհատ նստել համակարգչի դիմաց, կան պահեր, երբ չի ստացվում, չես հասկանում՝ ինչո՞ւ, հաջորդ վայրկյանին ստացվում է ու էլի չես հասկանում՝ ինչու՞։ Պետք է համառություն ունենալ և որոշ չափով մաթեմատիկային տիրապետել»։
Նշենք, որ Ռենդերֆորեսթը հակական ընկերություն է, որը հիմնադրվել է 2012 թվականին և զբաղվում է վիդեոարտադրությամբ։ Ընտրելով ցանկացած կաղապար, օգտատերը կարող է խմբագրել այն, ավելացնել տեքստեր, նկարներ, տեսանյութեր, ապա ռենդերավորել այն և դիտել կայքում կամ սոցցանցում։ Ընկերության հիմնական աշխատանքները կատարվում են Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, Երևանում գործում է երկրորդ գրասենյակը: