ռեԱրմենիա. դրամահավաք՝ Մարտունու շրջանի տեխնոպարկի նախագիծ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում չորս դպրոցականներ հիմնադրել են առաջին գյուղական IT ընկերությունը՝ StartSystems-ը: Ընկերության մենեջեր Շուշան Մարտիրոսյանն ասում է, որ չնայած իրենց ու իրենց առաջին ընկերության երիտասարդ տարիքին արդեն գործընկերներ ունեն, նաև լուրջ պատվերներ: Նոր հետաքրքրությունը, որ երեխաներին մղեց առաջին մասնագիտական կողմնորոշման, Հաղորտի բերեց «ԵՍ» կրթական հիմնադրամը: Հիմնադրամն ընդամենը երկու տարվա գործունեորւթյուն ունի, որից մեկը կիսատ էր պատերազմի և հետպատերազմյան իրավիճակի հարուցած խնդիրների պատճառով, և այս օրերին ներկայացնում է նոր նախագիծ՝ Մարտունու շրջանի տեխնոպարկի նախագիծը և դրա կառուցման համար միջոցների դրամահավաք է սկսել «ռեԱրմենիա» հարթակում:
Առաջին նվիրատուների շարքում հենց StartSystems-ի հիմնադիրներն են: Արևիկ Քարամյանը 16 տարեկան է: Ընկերության ադմինիստրատորն է: Ասում է ՝իր առաջին աշխատավարձից ներդրում է կատարել իր հայրենի գյուղի ապագայի համար: Տեխնոպարկը կարող է դառնալ այն միջավայրը, որտեղ իր նման շատուշատ պատանիներ ու աղջիկներ կկարողանան ապագա գտնել գյուղում և ոչ թե դսում, ինչպես ավագներից շատերը: Հաղորտին Արցախի այն գյուղերից է, որտեղից տարիներ շարունակ երիտասարդների մի մասը նախընտրում է հեռանալ:
«Տեխնոպարկը նախ և առաջ միջավայր է»,- ասում է Աննա Մուսայելյանը՝ «ԵՍ» կրթական հիմնադրամի աշխատակիցներից մեկը: Տեղեկատվական տենոլոգիաների ապագա դիպլոմավորված մասնագետը նախագծին միացել է նախ որպես կամավոր: Հիմնադրամի մասնագետները արդեն երկու տարի է շրջիկ լաբորատորիայի միջոցով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ ծանոթացնում են Մարտունու շրջանի վեց գյուղերի աշակերտներին: Աննան համեմատում է տարբեր համայնքներում երեխաների հետ առաջին ու հերթական հանդիպումները: Հետաքրքրությունն, իհարկե, առաջին մղող քայլն էր: Հերթականներն արդեն նոր միջավայրի ձևավորումն էր, որը Աննան իրենց ամենամեծ ձեռքբերումն է համարում: «Այո երեխաները ծանոթանում են ժամանակակից մասնագիտությունների հետ, նրանցից ոմանք հետագայում խորանալու են ընտրած ուղղութամբ, նեղ մասնագետներ են դառնալու: Բայց կարևորը դա չէ, ասում է Աննան՝ կարևորն այն է, որ երեխաները շփվելով իրար հետ, կիսվելով իրենց գաղափարներով՝ ընկերներ են գտնում դրանք իրագործելու համար: Մենք ինչին ենք սովոր, որ երեխայի ինչ-որ տեղ ռոմանտիկ, ինչ-որ տեղ առաջին հայացքից հիմքից զուրկ մտորումներին ու առաջարկներին ավագները, նույնիսկ ծնողներն արձագանքում են՝ «Ձեր գլխից մեծ գործեր եք բռնում»: «Ես» կթական հիմնադրամի ստեղծած միջավարը hնարավորություն է տալիս, որ այդ մտահղացումները կյանքի կոչելու փորձ արվի: Խելք՝ խելքի, ձեռք՝ ձեռքի երեխաները սովորում են թիմային աշխատանք կատարել, խնդիրը ձևակերպել և փնտրել լուծումներ, չվախենալ դժվարություններից: Իսկ ամենակարևորը այն է, որ երեխաները փոխում են ծնողներին, ստիպում նրանց մասնակցել իրենց նախաձեռնություններին: Ամենացայտուն օրինակը Հաղորտի գյուղում է: Առաջին գյուղական ՏՏ ընկերությունը ստեղծած երեխաները չեն սահմանափակվել այդ ծրագրով: Ամիսներ առաջ ագրոտուրիզմի զարգացման համար միջազգային դրամաշնորհ են շահել:
Ծրագրի հեղինակ Արևիկ Քարամյանն ասում է, որ բոլոր մեծերից շնորհավորանքներ է ստացել ու օգնության առաջարկ: Ագրոտուրիզմի ծրագիրն ինքնին համայնքի զարգացմանն է օգնելու: «Ինչ-որ մեկը հյուրատուն կկազմակերպի,մյուսը զբոսաշրջիկների համար մթերքներ կարտադրի»,- պատմում է Արևիկը:
Հաղորտու գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը միշտ երիտասարդների, իսկ այս դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել երեխաների կողքին է:
«Գյուղական տուրիզմի փորձեր արվել են և նախկինում: Բայց դրանք եզակի դեպքեր էին: Հիմա համապարփակ ծրագիր է կազմվել: Բոլորի համար էլ գործ կա և տուն տրամադրողի և մթերք ապաովողի և ձի ունեցողի և օղի թորողի»,- երեխաների ներկայացրած ծրագրին համապատասխան աշխատանքի բաժանման մասին է խոսում համայնքի ղեկավարը: «Ոչ թե մենք ենք երեխաներին առաջարկում ինչ-որ բան անել, այլ իրենք «ԵՍ» հիմնադրամի շնորհիվ ստացած գիտելիքի և հմտությունների շնորհիվ մեզ տանում են իրենց հետևից: Պատկերացնու՞մ եք: 7,5 մլն դրամ գումար է մտնելու համայնք՝ ագրոտուրիզմի ծրագրի շնորհիվ: Դա գերազանցում է համայնքային բյուջեի սեփական եկամուտների տարեկան գումարը գրեթե յոթ անգամ: Մի՞թե սա չի նպաստելու համայնքի զարգացմանը»:
Համայնքապետը Մարտունու շրջանի տեխնոպարկի ստեղծման ջատագովներից է: Նախանձախնդիր, որ այն հենց իր գյուղում տեղակայվի: Պատրաստ է դրա համար համայնքապետարանի շենքը տրամադրել: «Այսօր համայնքապետն իր գործը կարող է կազմակերպել նաև երկու սենյակում: Բայց այն ինչ կտա տեխնոպարկը գյուղին ու շրջանին վաղը, տարիներ հետո ողջ Արցախում է առաջընթաց ապահովելու», – ասում է Նվեր Մարտիրոսյանը:
Շուշան Մարտիրոսյանը Հաղորտու StartSystems ընկերութան մենեջերն է: Գյուղում սկսված փոփոխությունների ակտիվ մասնակիցը: Ասում է, որ իրենց հաջողությունը ավագներին hամոզեց, որ կարելի է ապրել գյուղում և ֆիզիկապես ծանր աշխատանք չանել, բայց և կողքից օգնել նրանց ովքեր զբաղված են գյուղատնտեսությունում: Ժամանակակից տեխնոլոգիաները պետք է գյուղում ապրող մարդու օգնականը դառնան: «Բացի նրանից, որ գյուղում ապրող և համացանցում արդյունք ստեղծող մարդը գումար է բերում գյուղ՝ դառնալով գյուղացու արտադրանքի գնողունակ սպառողը, նա նաև կարող է թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքը՝ նոր տեխնոլոգիաներ ստեղծելով բանջարանոց, այգի մշակելու, ֆերմա ստեղծելու համար: Իրենց թիմի Գոռը թողեց ծրագրավորումը, նախատեսում է ապրել գյուղում և հիմնել առաջին սմարթ-ֆերման գուղում: Չլիներ «ԵՍ» կրթականի միջոցով ծանոթացումը ՏՏ ոլորտի հետ, գուցե և չծնվեր այդ գաղափարը: Այն դեռ մտորումների փուլում է, բայց ամեն ինչ հենց մտքից էլ սկսվում է»:
Հարևան Մուշկապատում հենց «ԵՍ» կրթականի նախաձեռնությունը վարակեց փոքրիկներին: ՕՄՍ հիմնադրամից շահած դրամաշնորհը մանկական խաղահրապարակ դարձավ: «Դա երազաք էր, դժվար իրագործելի իր մանկության տարիներին»,- ասում է այդ գյուղում մեծացած Աննան, – «Արդեն իրականություն դարձած խաղահրապարակն ապացուցեց, որ պարզապես մանկական երազանքներին պետք է միս ու ոսկոր հաղորդել, չվախենալ դժվարություններից, նույնիսկ այնպիսին, ինչպիսին պատերազմն էր, որ նաև խաղահրապարակի կառուցման գործը առժամանակ կիսատ թողեց: Պատահական է, որ խաղահրապարակի շահառուները, մուշկապատցի փոքրիկները, նույնիսկ 5-10 տարեկան, նույնպես մասնակցեցին Տեխնոպարկի համար նախաձեռնված դրամահավաքին՝ գումարը հաշվեհամարին փոխանցելու գործը վստահելով խաղահրապարակի նախագծի հեղինակին՝ «ԵՍ» կրթական հիմանդրամի դասվար Լուիզային, ում հետ միասին ներկրել, գեղեցկացրել էին իրենց հրապարակը:
Աննան անկեղծանում է, ծնողներից շատերը ՏՏ ոլորտի մասնագիտություններին սկսել են նայել որպես արհեստի․ «Եթե առաջ չէին հասկանում, թե ինչով են զբաղված իրենց երեխաները, հիմա արդյունք տեսնելով՝ համակերպվում են յուրովի՝ «արհեստ է, էլի, քաղաքում պետք կգա»։ Բայց մեր նպատակն այն է, որ մեր տված գիտելիքը, ունակությունները, միտքը երեխաները մեծանալով կիրառեն հենց գյուղում: Դրա համար մեր շրջանավարտները հենց գյուղում գործելու hնարավորություն պիտի ունենան: Տեխնոպարկը կտա այդ հնարավորությունը՝ դառնալով միջավար, որտեղ կկենտրոնացվեն գաղափարներ ու հնարավուրոթյուններ կստեղծվեն դրանց կենսագործման համար»:
Այս կարծրատիպը կփշրվի, համոզված է Աննան: Արդեն ավագների մոտ կասկածամտությունը նահանջում է: Օրինակը գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Հինգերոդ որդու հաջողությունները հորը հուշեցին ավագներին դրդել, որ մասնակցեն դասընթացներին:
Այլ համայնքներում իրենց աշակերտները փորձում են աշխատանքի ճակատ ստեղծել տնային տնտեսհուի մայրիկների համար. նրանց տնարարական հմտությունները օգտագործել արտադրություն հիմնելու համար: Մեկ այլ համայնքում երեխաները մտածում են աղբահանության ծրագրի մասին, մյուսում՝ խոտաբույսերից թեյափնջեր կազմելու: Սրանք նախաձեռնություններ են, որ կարող են աշխուժացնել համայնքային կյանքը:
Հաղորտու համայնքի ղեկավարը 47 տարեկան է: Գյուղը ղեկավարում է արդեն 10 տարուց ավելի: Փորձը հուշել է, որ զարգացումը կախված է գիտակից ու գիտելիքներով զինված քաղաքացիներից: Իր համայնքի ապագան արդեն տեսնում է: Երկու տարվա մեջ դպրոցականները բազմաթիվ փոփոխություններ են բերել գյուղ: Ինքը նրանց հետևից չի հասցնում: Արցախյան ասացվածքը՝ թե «Ճուրը կուճինին ա, խոսքը՝ մեծինը» (ջուրը փոքրինն է, խոսքը՝ մեծինը), իրենց գյուղում այնքան էլ արդիական չէ: Երեխաները ժամանակին համընթաց են քայլում, համայնքապետին հուշում անելիքները, նաև պահանջում: Եվ գյուղապետը դրա համար ուրախ է:
Ահռելի տարբերություն կա գյուղական ու քաղաքային բնակավայրերի միջև: Բայց այդ տեխնոլոգիաների ու ժամանակակից կյանքի ռիթմի մուտքը նախ պետք է լինի մարդկանց գիտակցության մեջ: Դրանց անհրաժեշտությունը պետք է զգան և առօրյա կյանքում սկսեն օգտագործել տեղում ապրողները: Տեխնոպարկը դնելու է այդ փոփոխությունների հիմքը:
Դրամահավաքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իրենց ներդրումն ունենալով Արցախի տեխնոլոգիական ապագայի մեջ։