ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են համագործակցությունը
Սահմանամերձ Երվանդաշատ գյուղում սպասված բնակարանամուտ էր: Երկրորդ ընտանիքը ևս մոտ է երազանքի իրականացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության՝ կամավոր անդամագրված աշխատակիցները, Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը և ԱՄՆ-ից ժամանած «Գլոբալ Բիլդերս» կամավորական խումբը միավորել են ուժերը՝ Մուրադյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցնելու համար: Շինարարական աշխատանքներին հաջորդել է նույն գյուղի մեկ այլ՝ Ղազարյանների ընտանիքի տան տնօրհնեքի արարողությունը:
«Շնորհակալ ենք, որ ամուր կանգնած եք սահմանը պահող ընտանիքների կողքին: Չկա ավելի մեծ երջանկություն, քան գիտակցությունը, որ դու մենակ չես, և որ քո կողքին կանգնած են սրտացավ մարդիկ, ովքեր իրենց պատրաստակամ օգնությամբ ավարտին են հասցրել երկար սպասված տան շինարարությունը: Շուտով մենք էլ մեր նոր ու հարմարավետ տուն կտեղափոխվենք: Անչափ ուրախ ենք, որ այսօր մեր համագյուղացու` արդեն կառուցված տունն է օրհնվելու», – ասել է Մուրադյան ընտանիքի հայրը՝ Հակոբը:
Մուրադյանների ընտանիքը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բնակություն է հաստատել 64 տարի առաջ: Երկար տարիներ Մուրադյանների բազմանդամ ընտանիքը ապրել է ժամանակին որպես մանկապարտեզ ծառայած և վերանորոգման ենթակա շինության մեջ: Առանձին բնակարան կառուցելու նրանց երազանքն անկատար է մնացել` երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով: 2005թ.-ից նրանք սկսել են նոր տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել:
Տնօրհնեք նշող Ղազարյանների ընտանիքն էլ ավելի քան 25 տարի փորձել է կառուցել իր տունը: Քարը քարին են դրել, բայց ֆինանսական սուղ պայմանների պատճառով` այդպես էլ ավարտին չի հասցրել տան շինարարությունը: Ավելի քան 15 տարի ընտանիքն ապրել է կիսակառույց տան մեջ՝ առանց տարրական հարմարությունների: Այսօր, վերջապես, բոլոր դժվարությունները մնացել են հետևում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն այսօր արդեն առաջին արդյունքն է տվել: Մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագրի առաջին ձեռքբերումն այս մարզում նշանավորվել է տնօրհնեքի արարողությամբ:
«Բառերով չեմ կարող նկարագրել այն երջանկությունը, որ այսօր զգում ենք. այնքա՜ն երկար ենք սպասել այս օրվան, այնքա՜ն շատ ենք աշխատել, քարը քարին դրել, որ մի օր տուն ունենանք, այնքա՜ն ենք փափագել, որ մեր որդիները վերջապես մի օր ամուր տանիք ունենան իրենց գլխին, բայց այդպես էլ չենք կարողացել… Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՎիվաՍել-ՄՏՍ-ին և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին», որ սահմանը պահող մարդկանց կողքին են ու այսօր, ներկա գտնվելով մեր նոր տան օրհնության արարողությանը, կիսում են մեր անսահման երջանկությունը»,-իր երախտագիտությունն է հայտնել Ղազարյան ընտանիքի մայրը՝ տիկին Գոհարը:
«Այստեղ յուրաքանչյուր քար դրվել է սիրով: Այդ սիրո մեջ կա նաև լուսավոր ապագայի հավատ: Կարևոր է, հատկապես, այն, որ սահմանին ապրող գյուղացին զգա, որ ինքը մենակ չէ իր հոգսերի հետ, և որ տարբեր կազմակերպություններ ներկայացնող մարդիկ համախմբվել են, որպեսզի այս ընտանիքներն իրենց ամուր զգան իրենց հողի վրա: Այդ զգացողությունը նոր հաջողության հասնելու երաշխիք է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայի համար տունը սոսկ բնակարան չէ: Տունը հոգին է ընտանիքի, ապահով ապագայի երաշխիքն ու արժանապատիվ կյանքի անկյունաքարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացվող ծրագիրը նպատակ ունի ստեղծելու բարեկարգ ու հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար, հնարավորություն ստեղծելու աշխատելու, արարելու սեփական հողում, սիրելի տանը, ունենալու երջանիկ ապագայի երաշխիք ու հենակետ», -նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է այդ ծրագրի իրականացումը: Այս համագործակցության շնորհիվ` սահմանամերձ գյուղերի 25 ընտանիք տարեվերջին կվայելի հարմարավետ տանն ապրելու երջանկությունը: