ՌԴ Կենտրոնական բանկը կրիպտոարժույթները չի դիտարկում որպես հաշվի միավոր Ռուսաստանի տարածքում
ՌԴ Կենտրոնական բանկը դեռևս չի դիտարկում Ռուսաստանում կրիպտոարժույթները որպես վճարման միջոց և նման ակտիվներում ներդրումներ կատարելու ռիսկեր է տեսնում: Այս մասին ասել է կարգավորիչի փոխնախագահ Օլգա Պոլյակովան՝ ելույթ ունենալով «Կիբերանվտանգությունը ֆինանսներում» համաժողովում։
«Առաջին հերթին ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի Բանկի միանշանակ դիրքորոշումը, որը մեկ անգամ չէ, որ արտահայտել ենք: Մենք կրիպտոարժույթները չենք դիտարկում որպես հաշվի միավոր Ռուսաստանի Դաշնության տարածքում», – ասել է նա ու նշել, որ կրիպտոարժույթներում ներդրումները կարող են զգալի ռիսկեր պարունակել:
Նախկինում Կենտրոնական բանկը նշում էր, որ օնլայն տիրույթում գործող ֆինանսական բուրգերի մի զգալի մասն այս կամ այն կերպ կապված են տարբեր կրիպտոարժույթների հետ։ Նրանք կա՛մ միջոցներ են հավաքել կրիպտոարժույթներով, կա՛մ գովազդել են ներդրումներ կրիպտոարժութային ակտիվներում: Այդպիսի խարդախ նախագծերից գրեթե 1500-ը վճարումներ են ընդունել կրիպտոարժույթով:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում կրիպտոարժույթի կարգավորման վերաբերյալ օրինագծերի փաթեթը դեռ հաստատման գործընթացի մեջ է: 2023-ի սեպտեմբերին ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարեց, որ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը շարունակում են կրիպտոարժույթների վերաբերյալ քննարկումները: Գերատեսչությունները դեռևս տարբեր դիրքորոշումներ ունեն։