
Լատվիան արտակարգ դրություն է հայտարարել գյուղատնտեսության ոլորտում մինչև նոյեմբեր
Լատվիայի կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ողջ երկրում հայտարարել արտակարգ դրություն գյուղատնտեսության ոլորտում մինչև 2025 թվականի նոյեմբերի 4-ը՝ սառնամանիքների, անընդհատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով գյուղատնտեսական արտադրողներին հասցված վնասը փոխհատուցելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը, ֆերմերներն ունեն ինչպես երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այնպես էլ պայմանագրեր գործընկերների և գնորդների հետ, այդ թվում՝ մատակարարումների վերաբերյալ։ Սակայն ներկայումս գյուղատնտեսության ոլորտում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով լուրջ մտահոգություններ կան այդ պարտավորությունների կատարման կարողության վերաբերյալ։
Նախարարության տվյալներով՝ խնդիրը հատկապես կարևոր է գյուղատնտեսական կոոպերատիվների համար, որոնք ապահովում են իրենց անդամների արտադրանքի արտահանումը։ Ցորենը Լատվիայի գյուղատնտեսական արտահանման հիմնական ուղղություններից մեկն է, և մատակարարման պայմանագրերի չկատարման դեպքում կարող են լրջորեն տուժել ինչպես ոլորտի հեղինակությունը միջազգային շուկայում, այնպես էլ՝ Լատվիայի ընդհանուր արտահանման կարողությունը։
Գյուղատնտեսության նախարարությունն ընդգծում է, որ արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա իրավասու մարմիններին կիրառել օրենսդրությամբ նախատեսված որոշումներ, որոնք կօգնեն ֆերմերներին խուսափել բանկային տույժերից ու սանկցիաներից, պահպանել վճարունակությունը և շարունակել արտադրությունը հաջորդ սեզոնին։
Նախարարությունը հայտնում է, որ ֆերմերները կարող են դիմել Պետական եկամուտների ծառայություն՝ խնդրելով մասնատել հետաձգված հարկային վճարումները մինչև մեկ տարվա ժամկետով կամ իրականացնել կամավոր վճարումներ՝ դրանք բաշխելով մինչև երեք տարվա ընթացքում։
2025 թվականի մայիսից ի վեր, Լատվիայի բազմաթիվ շրջաններում երկարատև անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հեղեղվել են ցանքատարածությունները, բերքատվությունը կտրուկ նվազել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ Հողի չափազանց խոնավության պատճառով գյուղտեխնիկան հաճախ չի կարողանում դուրս գալ դաշտեր՝ խոչընդոտելով կամ ամբողջությամբ անհնար դարձնելով դաշտերի մշակումը և բերքահավաքը։
Արդյունքում, ցորենի, լոբու, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի զգալի մասը փտել է՝ բերք չտալով։ Որոշ շրջաններում ցանքերը նույնիսկ չեն սկսվել, դաշտերն անաշխատունակ են մնացել։ Քանի որ գարնանային ցանքն ուշացել է, իսկ վեգետացիոն շրջանը սահմանափակ է, շատ տարածքներ կմնան չցանված, և բերք չի ստացվի։
Նախարարությունը շեշտում է, որ ծանր վնաս է հասցվել նաև պտղատու և հատապտղային մշակաբույսերին՝ գարնանային սառնամանիքների հետևանքով, իսկ դրան հաջորդած ամառային տեղումները և ջրհեղեղները լրացուցիչ վնասներ են պատճառել։
Անբարենպաստ պայմաններն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտին։ Շատ տնտեսություններում խոչընդոտվել է անասունների արոտավայր դուրս բերելը։
Նախարարությունը նշում է, որ երրորդ տարին անընդմեջ գյուղատնտեսական ոլորտը տուժում է անսովոր եղանակային պայմաններից, ինչը սպառնում է բազմաթիվ տնտեսությունների կենսունակությանը։ Բացի դրանից, ֆերմերները բախվում են նաև բարձր գների հետ, մասնավորապես՝ բույսերի պաշտպանության միջոցների և հանքային պարարտանյութերի։
Ըստ Լատվիայի շրջակա միջավայրի, երկրաբանության և օդերևութաբանության կենտրոնի տվյալների՝ մայիս-հունիս ամիսներին տեղումների քանակը զգալիորեն գերազանցել է ամսական նորման՝ հեղեղումներ առաջացնելով երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում։
Մինչև 2025 թ․ հուլիսի 10-ը ֆերմերները զեկուցել են 51.5 հազար հա վնասված կամ չցանված տարածքների մասին, իսկ ընդհանուր նախնական վնասը կազմում է 63.886 միլիոն եվրո։ Անձրևների հետևանքով տուժել է 49.4 հազար հա տարածք, իսկ չցանված տարածքները գերազանցում են 6 հազար հա-ն։
Նախարարությունը նաև ներկայացրել է Եվրահանձնաժողովին հաշվարկներ, որոնք ցույց են տալիս 2025 թ․ անբարենպաստ կլիմայական պայմանների ազդեցությունը Լատվիայի գյուղատնտեսության վրա, և կոչ է արել դիտարկել ԵՄ բյուջեից լատվիացի ֆերմերներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։