Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Երվանդ Զախարյանն ամփոփել է 2015թ․
21/01/2016 16:04
Կիսվել

Երվանդ Զախարյանն ամփոփել է 2015թ․

Անցած տնտեսական տարվա ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփելու, ձեռք բերված արդյունքները ներկայացնելու, ինչպես նաև առաջիկա անելիքները նախանշելու նպատակով հունվարի 21-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015 թվականը բավական բարդ ու դժվարին տարի էր։ Այնուհանդերձ, հիմնականում հաջողվեց հաղթահարել  ի հայտ եկած խնդիրները և բարենպաստ նախադրյալներ ստեղծել՝ ինչպես համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջանային ծրագրերում ինտեգրելու առումով։

Ֆինանսական առողջացման նպատակով նախարարության ձեռնարկած քայլերը բերեցին նրան, որ համակարգի մի շարք կարևոր օղակներ դադարել են ոչ միայն նոր պարտքեր կուտակել, այլև աստիճանաբար փակում են նախկին վնասները։ Խոսքը՝ մասնավորապես վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ միաժամանակ  խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար։ Ֆինանսական դժվարությունների պատճառով ՀԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։ Դա սպառնում էր համակարգում վերակագնել տարիներ առաջ գոյություն ունեցող փոխադարձ պարտքերի շղթան, ինչը հղի էր լուրջ հետևանքներով ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության համար։

2012-2015թթ. ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերարտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով ՀԷՑ-ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք՝ շուրջ 36,4 մլրդ դրամի չափով։ Դրանից 2013-2014 և 2014-2015 մարժային տարիների ընթացքում հատուցվեց 12,0 մլրդ դրամը։ Շարունակեց չլուծված մնալ 24,4 մլրդ դրամի խնդիրը։   

Այդ ամենը բերեց նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման։ Օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով։ Մի բան, ինչը  արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում։

Հնչող մտահոգությունները փարատելու նպատակով՝ ներգրավվեց միջազգային խորհրդատվական ընկերություն, որի հիմնական խնդիրներից մեկը սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության ներկայացումն էր։ Մինչ այդ, կառավարությունը ստանձնեց բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար սակագների սուբսիդավորուման պարտավորությունը։

Կատարված  ուսումնասիրություններից հետո միջազգային խորհրդատուն հայտարարեց սահմանված սակագները հիմնավորված լինելու մասին։ Չնայած դրան, կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տրամադրումը՝ շեշտը դնելով հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերին աջակցելու վրա։ Պահպանվեց նաև փոքր և միջին բիզնեսի սուբսիդավորումը։ Այն կշարունակվի մինչև սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31-ը։ 

Անցած տարվա ընթացքում իրականացվեցին համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես խիստ հսկողություն սահմանվեց պետական  ընկերությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ:  Հաստատված էներգահաշվեկշիռների կանխատեսման նոր կարգով, «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից խստորեն պահպանվեցին էներգահաշվեկշռով նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, ինչի արդյունքում ՀԷՑ-ում վնասներ չեն ձևավորվել, ընդհակառակը՝ առաջացել է դրական տարբերություն՝ շուրջ 3,0 մլրդ դրամի չափով: Իրականացվեց համակարգի պետական ընկերությունների  փոխադարձ պարտավորությունների մարում։ Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվեց դրանց  ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վարկերի վերակառուցում։

Անցած տարի արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7,8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 0,62 տոկոսով ավել է 2014թ. համեմատ։ Դրանից արտահանվել է 1,4 մլրդ. կՎտ ժամը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սպառողներին առաքել է 5,5 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Այն 2014թ. համեմատ ավելացել է 2 տոկոսով։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 2015թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում։ Դրանք կազմել են 11,1 տոկոս։ Նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12,73 տոկոսի։ Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև նոր սեփականատիրոջ կողմից իրականացված միջոցառումները։

Օպերատիվ տվյալների համաձայն, 2015թ. ընթացքում Հայաստան է ներկրվել  1920,9 մլն խոր.մետր բնական գազ Ռուսաստանի Դաշնությունից և 371 մլն խոր. մետր՝ Իրանից: Նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։

Գազամակատարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները կազմել են 6,2 տոկոս։ 

Էներգետիկ համակարգում անցած տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը: Փաստաթղթի հիմքում դրված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը: Ծրագրում ներկայացված են էներգետիկայի բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր, որոնք խմբավորված են երեք ուղղություններով` շուկայական բարեփոխումներ, ենթակառուցվածքների զարգացում և էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացում: Երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանն ուղղված ամենախոշոր միջոցառումներից են` գործող միջուկային բլոկի շահագործման ժամկետի երկարացման և մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի, տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի ընդլայնմանը և խորացմանը նպաստող Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ գծերի և ենթակայանների կառուցման ծրագրերը։

Դրանց մի մասն արդեն մեկնարկել կամ մեկնարկման փուլում է։ Այդպիսի ծրագրերից է Իրան-Հայաստան գծի կառուցումը, որի շրջանակներում սկսվել է սարքերի, սարքավորումների և այլ նյութերի մատակարարումը։ Նախատեսվում է գծի կառուցումն ավարտել 2018թ։   

Այս տարի կմեկնարկի նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագիրը։

Անցած տարվա վերջին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, ինչը նպատակ ունի միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը, բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, փոխհոսքերի կառավարման մակարդակը, անվտանգությունն ու հուսալիությունը։ Այդ ծրագիրը նախադրյալներ է ստեղծում ձևավորել հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք՝ ապահովել կապը ԵԱՏՄ և ԵՄ երկրների էներգահամակարգերի հետ։

Կարևոր միջոցառումներ են նախատեսվում նաև բարձր լարման ցանցի հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Մի շարք ներդրումային ծրագրերի շրջանակներում կկառուցվեն և կվերակառուցվեն «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3», «Վանաձոր-1» 110 կՎ, «Երևան ՋԷԿ» 220 կՎ և «Աշնակի» ենթակայանները։  Մեկնարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այդ նպատակով ՌԴ-ից ներգրավվել են 300 մլն դոլար վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Սկսվել է գործող էներգաբլոկի համակարգերի և սարքավորումների համալիր զննումը։ Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2016թ. սեպտեմբերին։

Անցած տարվա վերջին Հայաստանի կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ:

Ընդերք-Ներկայումս հանրապետությունում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 494 թույլտվություն, որից մետաղական օգտակար հանածոների՝ 29, ոչ մետաղական օգտակար հանածոների՝ 439, հանքային ջրերի՝ 26: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար տրամադրված է 63 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների երևակումների՝ 44, ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների՝ 16, երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն՝ 3: Տրված է նաև նավթի և գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական  ուսումնասիրության 3 իրավունք: Հրաժարման հավաստագրերի համար 2015 թվականի ընթացքում նախարարություն է ներկայացվել 7 հայտ: Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով նախարարությունը ստացել է 31 հայտ, որոնցից բավարարվել է 8-ը, մերժվել է 1-ը, հրաժարվել է 1-ը,  ներկայացվել է փորձաքննության 20-ը։ Եվս 1 հայտ գտնվում է ընթացքում:

Տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատները համապատասխանեցնելու նպատակով, Ընդերքի պետական տեսչության աշխատակիցների կողմից իրականացվել են թվով 167 չափագրման աշխատանքներ՝ 150 կազմակերպություններում: Մշակվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ընդերքօգտագործման ոլորտում իրականացված գործունեության արդյունքում 2015թ. բյուջետային մուտքերը կազմել են` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար՝ 0,342 մլն դրամ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող  բնօգտագործման վճար (ռոյալթի)՝ 21,1 մլրդ դրամ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար՝ 991,4 մլն դրամ, ընդերքօգտագործման թույլտվությունների  համար վճարված պետական տուրք՝ 517,6 մլն դրամ:

Անցած տարի լուծվեց նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի հետ կապված խնդիրը։ Ընդունվեց կառավարության որոշում՝ Միջպետական բանկի, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և  «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկե­րության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները «Հայգազարդ» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ներին զիջելու վերաբերյալ: Տարեվերջին ստորագրվեց այդ պահանջների իրավունքների զիջման պայմանագրերը:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29