ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է տվել բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ
Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել առ այն, որ բեռնափոխադրումները կտրուկ նվազել են, սակայն տնտեսությունն աճել է, ինչը պարադոքս է: Մասնավորապես, նշված է, որ «ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար տոննա բեռ, որը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ընդամենը 38.7 %-ն է»: Պարադոքսը կայանում է նրանում, որ 2018թ.-ի առաջին 3, 4 ամիսների 9 – 10 տոկոսի տնտեսական աճը զուգակցվել է բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման-ներմուծման աճերով, երբ այս տարի այդ ցուցանիշներն անկում են ապրել:
Պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմել է Վիճակագրական կոմիտեի Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի պետ Գեորգի Թորոսյանին:
-Նախ, հարկ է նշել, որ «բեռնափոխադրման տրանսպորտային ծառայություններ» տնտեսական գործունեության տեսակի թողարկումը հաշվարկվում է ոչ միայն ըստ փոխադրված բեռների ծավալների, այլև ըստ փոխադրման հեռավորության: Այլ կերպ ասած՝ ըստ բեռնաշրջանառության ծավալների, այսինքն, թե ըստ բնամթերային արտահայտության քանի՞ տոննա-կմ-ի բեռնաշրջանառության ծառայություն է մատուցվել: Իսկ բեռնաշրջանառության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին կազմել են 1 517.1 մլն. տոննա-կմ և 2018թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել 6%-ով, որից՝ երկաթուղային տրանսպորտինը՝ 5.5 %-ով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 5.8 %-ով:
Վերադառնալով բեռնափոխադրումների ծավալներին, ինչը կազմել է անցած տարվա հունվար-ապրիլի 38.7 %-ը, հարկ է նշել, որ այդ ցուցանիշը գերազանցապես ձևավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալի շեշտակի անկմամբ: Այն 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է 2018թ.-ի հունվար-ապրիլի 27.2%-ը, ինչը տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի կառուցվածքում արձանագրված փոփոխությամբ՝ 2019թ.-ի հունվար-ապրիլին ավելի կարճ հեռավորությունների վրա բեռնափոխադրումների ծավալների տեսակարար կշռի նվազմամբ:
Այսպես, 2019թ. հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 256.4 հազար տոննա, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 8 302.7 հազար տոննայի համեմատ, որը պայմանավորված է 2019թ.-ի հունվար ամսից բեռնափոխադրողների գլխավոր համակցությունից մեկ ռեսպոնդենտի գործունեության դադարով, որը 2015-2018թթ ներառյալ բեռնափոխադրումների գործունեություն է ծավալել Սյունիքի մարզի հանքարդյունահանման ոլորտում` փաստացի իրականացնելով բավականաչափ մեծ ծավալների բեռնափոխադրումներ կարճ հեռավորությունների վրա (2.5 – 3.0 կմ): Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին վերոնշյալ ռեսպոնդենտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6 034.0 հազար տոննա, որը ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալում կազմել է 81.2%, ինչով էլ պայմանավորված է 2019թ.-ի հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ցածր տեմպը՝ 27.2%, իսկ բեռնաշրջանառության ծավալը` 15.4 մլն. տոննա-կմ, ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության ծավալում կազմել է 6.6%, որը էական ազդեցություն չի ունեցել բեռնաշրջանառության ծավալի նվազման վրա:
Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնաշրջանառության ցուցանիշի աճի տեմպը 2019թ.-ի հունվար-ապրիլին, 2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ 105.8% պայմանավորված է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլին ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ծավալների աճով՝ իրականացվել են բեռնափոխադրումներ մեծ հեռավորությունների վրա (միջինը մինչև 1 780կմ):
Այսպես, 2019թ.-ի հունվար-ապրիլին միջպետական բեռնափոխադրումների փաստացի ծավալը հայաստանյան շարժակազմով կազմել է 115.2 հազար տոննա, 2018թ.-ի հունվար-ապրիլի 88.7 հազար տոննայի համեմատ, կամ աճել է 29.9%-ով, իսկ միջպետական բեռնաշրջանառության ծավալները 2019թ.-ի հունվար-ապրիլին ` 176.6 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի 160.5 մլն. տոննա-կմ համեմատ, կամ աճել է 10.0%-ով:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019թ.-ի հունվար-ապրիլին ընդամենը տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպը կազմել է 106.0% (2019թ.-ի հունվար-ապրիլի 1 517.1 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի 1 430.8 մլն. տոննա-կմ համեմատ), ինչը պայմանավորված է նաև խողովակաշարային տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպով, որը կազմել է 106.2%: Վերջինս բացատրվում է տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի բարձր տեսակարար կշռով` 67.0%, իսկ ավտոմոբիլայինը` 16.7%, որոնք 2018թ.-ի հունվար-ապրիլին բաշխվել են նույն համամասնությամբ:
Փոխադրված բեռների ծավալի ընդհանուր կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը կազմել է 16.9%՝ նախորդ տարվա 6.1%-ի համեմատ, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 59.4%, նախորդ տարվա 84.5%-ի համեմատ:
Իսկ ի՞նչպես կբացատրեք այն պնդումը, որ 2019թ.-ի հունվար-ապրիլին օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է «1.7 հազար տոննա, որն ըստ Վիճակագրական կոմիտեի 7.7 տոկոսով ավելացել է 2018թ.-ի համեմատ, երբ փոխադրվող բեռների ծավալը… 1.8 հազար տոննա էր: Թե ի՞նչպես է քաշը նվազում, իսկ տոկոսային ցուցանիշներն ավելանում, միայն Վիճակագրական կոմիտեին է հայտնի»: Միթե՞ վիճակագիրները կարող էին նման կոպիտ սխալ թույլ տալ:
Նախ, օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ոչ թե 1.7 հազար տոննա, այլ 5.6 հազար տոննա (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4 ենթահատվածի 27-րդ էջի առաջին աղյուսակը), ինչը 2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 7.7 %-ով:
2018թ.-ի հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել էր 5.2 հազար տոննա (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4 ենթահատվածի 27-րդ էջի առաջին աղյուսակը): Ինչ վերաբերում է 1.7 հազար տոննային, ապա այդ ցուցանիշը վերաբերում է միայն 2019թ.-ի ապրիլ ամսվան, ինչը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 94.4% (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի նույն ենթահատվածի նույն էջը): Ի դեպ, հոդվածում նշված 946 հազար տոննա փոխադրված բեռը վերագրվել է 2019թ. հունվար-ապրիլին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը վերաբերվում է միայն ապրիլ ամսին: 2019թ.-ի հունվար-ապրիլին փոխադրված բեռների՝ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 3 801.2 հազար տոննա:
Ըստ երևույթին, միգուցե քաղաքական նկատառումներով, հեղինակին ավելի ձեռնտու է եղել ամսական ցուցանիշները չորս ամսվա ցուցանիշների փոխարեն ներկայացնելը, խախտելով ժամանակագրական պատկերները քաղաքական եզրահանգումների համար, կամ էլ դա պարզապես անուշադրության հետևանք է:
Ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազման մասին, թե ի՞նչպես կարող է պատահել, որ 2019թ. հունվար-ապրիլին, 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազած լինի 9.2 %-ով, բայց, օրինակ արդյունաբերության արտադրանքի ծավալն աճի 4.5 %-ով:
Վիճակագրական կոմիտեի Արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ Անահիտ Ավետիսյան
Արդեն առիթ եղել է հարցին անդրադառնալու սույն թվականի մարտի 26-ին Արմենպրեսին տրված հարցազրույցում: Պատկերը նույնն է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ, իրոք, նվազել են 9.2%-ով: 2019թ. հունվար-ապրիլին արտադրվել է 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-ապրիլին արտադրվել էր 2 667.3 մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից: Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին արտադրված 2 667.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 640.3 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 34.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում, 2018թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 061.2 մլն. կՎտ. ժամ (2 667.3 – 640.3 + 34.2): 2019թ. հունվար-ապրիլին արտադրված 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 313.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 78.0 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում, 2019թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 186.6 մլն. կՎտ. ժամ (2 422.2 – 313.6 + 78.0), ինչը 6.1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի միևնույն ցուցանիշը:
Վերջինս ավելի ակնառու է աղյուսակային տեսքով.
մլն. կՎտ. ժամ
Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ նվազել են նաև արտաքին առևտրի ծավալները:
Վիճակագրական կոմիտեի Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյան
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից սույն թվականի մայիսի 16-ին ստացված տեղեկատվության ամփոփման (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 4.1.1 ենթահատված, էջ 96), 2019թ.-ի հունվար-ապրիլին ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի շրջանառությունը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.2%-ով, այդ թվում՝ արտահանումը նվազել է 4.1%-ով, իսկ ներմուծումն աճել 2.5 %-ով: Հիշատակված տվյալները նախնական են և դրանք դեռևս կարող են ենթարկվել ճշգրտման: Ճշգրտման պատճառների մասին բազմիցս տրվել են պարզաբանումներ (տես՝ «Արտաքին առևտրի ցուցանիշների փոփոխություններն ու վերանայումները պայմանավորված են ԵԱՏՄ Հայաստանի անդամագրմամբ», 26.03.2019թ. և «Ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշների տարբերությունները պայմանվորված են ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումներով», 11.06.2019թ. խորագրերով «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցներում։