Հայկական գինիների արտահանման աննախադեպ աճ է գրանցվել. մանրամասներ Ստանդարտների ազգային ինստիտուտից
Ստանդարտների ազգային ինստիտուտն ու Չափագրման ազգային ինստիտուտը միավորվում են մեկ կառույցում: Կառավարության որոշմամբ գործելու է «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագրման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը նշեց, որ երկու կառույցների միավորումն ուղղված է գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն:
«Տվյալ որոշման հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ միավորման արդյունքում հնարավոր կլինի օպտիմալ օգտագործել այն նյութական բազան, ռեսուրսները, որոնք առկա են երկու կառույցներում: Արդյունքում կխնայվեն երկու ինստիտուտների պահպանման համար նախատեսված ծախսերը և կուղղվեն գործունեության արդյունավետության բարձրացմանը»,-ասաց Ալբերտ Բաբայանը: Նա նշեց, որ կառույցը զգալի աշխատանքներ է նախատեսել թե հնացած ստանդարտների թարմացման, թե չափագիտական բազան արդիականացնելու, թե բիզնեսի հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և որակի նկատմամբ պահանջները սահմանվում են միասնական ընթացակարգերով: ԵԱՏՄ շրջանակում ներկայում ընդգծվել է 66 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ պետք է սահմանվեն տեխնիկական կանոնակարգեր: Ներկայում ԵԱՏՄ անդամ երկրներում գործում է 47 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 41-ն արդեն ուժի մեջ են: Դրանք ծածկում են առևտրի մոտավորապես 85 տոկոսը:
Ինչ վերաբերում է հնացած ստանդարտներին, ապա Ալբերտ Բաբայանը նշեց, որ ունենք միջպետական ստանդարտներով սահմանված պահանջներ, որոնք չեն վերանայվել 1994 թվականից։ Օրինակ, նավթամթերք ներմուծողները, բաշխիչ աշտարակները ստուգաչափելու հետ կապված, առաջարկում են այդ գործընթացի ստանդարտները թարմացնել:
«Այս տարի մեր նախաձեռնությամբ աշխատանքներ են իրականացվել, որպեսզի մշակվեն ստանդարտներ և ապագայում դրանք ներառվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում: Արտադրողների ու հասարակական կազմակերպությունների առաջարկով մշակել ենք մրգային օղիների ստանդարտ, որը միտված է մեր արտադրողների որակական պահանջները ճշգրիտ ձևով արտացոլելուն: 2021 թվականից ուժի մեջ է մտնելու ալկոհոլային խմիչքների մասին տեխնիկական կանոնակարգը և ահա մեր մշակած ստանդարտը փորձելու ենք ներառել այդ կանոնակարգի մեջ, որպեսզի հնարավորինս երաշխավորենք մեր արտադրողների շահերը ԵԱՏՄ տարածքում»,-ասաց նա:
Ալբերտ Բաբայանը կարևորեց բիզնեսի ակտիվությունը: Նա նշեց, որ ցանկանում են ձևավորել մշակույթ, որ բիզնեսն ակտիվ լինի, ստանդարտների մշակման առաջարկություններով հանդես գա, ներգրավվի մշակման գործընթացում:
Ամեն տարի կառավարությունն իրականացնում է մրցանակաբաշխություն որակի բնագավառում: Ընտրվում են այն կազմակերպությունները, որոնց աշխատանքը գնահատվել է Ստանդարտների ազգային ինստիտուտի և գերատեսչության կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Այս տարի կպարգևատրվեն 10 կազմակերպություն, որոնք ներկայացնում են սննդի արդյունաբերության, առողջապահության, խմիչքների արտադրության և այլ ոլորտներ:
Ալբերտ Բաբայանը նկատեց, որ, վերջին շրջանի միտումների համաձայն, Հայաստանում ստանդարտներին համապատասխան գործող բիզնես կազմակերպությունների թիվն ավելացել է: Եթե 2018 թվականին բիզնեսը ձեռք է բերել 189 ստանդարտ, ապա այս տարի արդեն՝ 750 ստանդարտ, ինչը խոսում է այն մասին, որ բիզնեսի կողմից գիտակցվում և արժևորվում է ստանդարտներով իրենց արտադրությունը կազմակերպելու գործընթացը: Այդ ստանդարտների կիրառման արդյունքում բիզնեսն առավել արդյունավետ է կազմակերպում արտադրությունը՝ լինելով մրցունակ: Ի դեպ, այս տարի աննախադեպ է եղել ԻՍՕ միջազգային ստանդարտների ձեռք բերումը, ինչը խոսում է արտահանման գործընթացի ակտիվացման մասին: Այս տարի դեպի ԵՄ գինիներ արտահանելու տեսանկյունից աննախադեպ աճ է գրանցվել: ԵՄ արտահանելու պարագայում պարտադիր է «VI-1» կոչվող սերտիֆիկատը, դա հիմնականում տրամադրվում է Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից: Այդ ցուցանիշների համաձայն, անցած տարի Հայաստանից 221 հազար շիշ գին է արտահանվել ԵՄ, այս տարի միայն 10 ամսվա կտրվածքով արտահանվել է 281 հազար շիշ գինի: