Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի հիմքում առանցքային դերակատարում ունի ՌԴ-ից տեղափոխվածների գործոնը. Արմեն Քթոյան
08/11/2023 20:48
Կիսվել

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի հիմքում առանցքային դերակատարում ունի ՌԴ-ից տեղափոխվածների գործոնը. Արմեն Քթոյան

Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են այն հիմնական գործոնները, որոնք նախկինում էլ ունեցել են նույն դերակատարումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քթոյանը նշեց, որ եթե տնտեսական ակտիվության աճը դիտարկենք ոլորտային ասպեկտով, ապա առաջին պլան են մղվում ծառայությունների, առևտրի ոլորտները, արտաքին տնտեսական գործունեության տպավորիչ տեմպերը։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի հիմքում առանցքային դերակատարում ունի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց տնտեսական ակտիվության գործոնը, որի ազդեցությունը, սակայն, ամսեամիս որոշակիորեն թուլանում է, ինչը միանգամայն կանխատեսելի էր։ Արդյունքում ունենք տնտեսական ակտիվություն, որը թեև ցածր է նախորդ ամսվա համեմատ, բայց կառավարության ամրագրած 7,2 տոկոսից դեռևս բարձր է»,- ասաց տնտեսագետը։

Նրա դիտարկմամբ՝ թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության մասով կան խնդիրներ։ Եթե այդ երկուսը համեմատում ենք մյուս ոլորտների հետ, որոնք երկնիշ աճ են ունեցել, ապա կարելի է ասել, որ որոշակի առումով կա դիսոնանս։ Արդյունաբերական արտադրանքի ասպեկտով դիտարկելու պարագայում ակնհայտ է, որ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում առկա է 4,5 տոկոս նվազում։ Մոտ 0,4 տոկոս անկում է արձանագրվել նաև վերամշակող արդյունաբերության ոլորտում, ինչն ավելի մտահոգիչ է։ Ըստ նրա՝ տնտեսության մրցունակությունը պայմանավորող գլոբալ կամ տարածաշրջանային անհրաժեշտ շղթաներում տնտեսության արդյունավետ դիրքավորման առանցքային հանգամանքներից մեկը հենց մշակող արդյունաբերության ճյուղերի կողմից ստեղծվող արդյունքն է, դրանց գիտատարությունը, քանի որ հենց այդտեղ է խտացված տնտեսության մրցակցային ներուժը։

«Ստացվում է, որ այդ մրցակցային ներուժի մասով ունենք նվազում, ընդ որում՝ եթե դիտարկենք մշակող արդյունաբերության հիմնական հինգ ոլորտները, որոնք ապահովում են վերջինիս ծավալների գրեթե երեք քառորդը, ապա կտեսնենք, որ դրանցից չորսում կա զգալի նվազում։ Սննդարդյունաբերության, խմիչքների արտադրության, մետաղամշակման ու ոչ մետաղական արտադրատեսակների մասով ունենք նվազում, և  միայն ծխախոտագործությունն է մի փոքր աճ արձանագրել։ Այս ճյուղերին փոխարինող այլընտրանք դեռ չունենք, այսինքն՝ չկա մշակող արդյունաբերության որևէ ճյուղ, որը կարող է տպավորիչ աճ արձանագրել և հայտ ներկայացնել առաջիկա 5-10 տարիների ընթացքում Հայաստանի արդյունաբերության լոկոմոտիվներից մեկը լինելու համար։ Այստեղ ունենք չասեմ լճացած, բայց դեռևս որակական տեղաշարժերից զուրկ իրավիճակ և ավանդական տնտեսական կառուցվածքից չտարբերվող և ավանդականությունից բխող իրավիճակ»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Քթոյանը նշեց նաև այդտեղ առկա դիսոնանսի հանգամանքը, քանզի կա նվազում անասնապահության ոլորտում, բայց փոխարենը գրանցվել է որոշակի աճ մշակաբույսերի արտադրության մեջ։ Բուսաբուծությունն ավելի մրցունակ է, դրանում կան որակական աճի ազդեցիկ էլեմենտներ՝ հաշվի առնելով ինտենսիվ այգիների կենսագործունեությունն ու նմանատիպ նախագծերի իրականացումը, որոնք թեև հեռանկարային են, սակայն մյուս կողմից էլ դեռ չունեն ընդգրկման այն ծավալները, որպեսզի ապահովեն ցանկալի և զգալի ազդեցություն գյուղատնտեսության վրա։ Ըստ Քթոյանի՝ դրա պատճառը նաև ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն է։

«Ինչ վերաբերում է ապրանքների գնաճին, ապա վերջին ամիսների ընթացքում, յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածում գնաճը գնալով թուլանում է, ինչի վրա ներգործել են թե՛ ԿԲ-ի ադեկվատ, ժամանակին համահունչ քաղաքականությունը, որը թույլ է տվել խուսափել գնաճային սպասումների բարձր մակարդակի վրա խարսխումից և ավելի բարդ ընթացակարգով, ավելի դժվար հաղթահարումից, թե՛ արտաքին նպաստավոր ֆոնը, որի պարագայում ունեցանք դրամի արժևորում, ինչը ներմուծվող ապրանքների գնաճի թուլացման գործոնն էր, ու նաև համաշխարհային շուկաներում (հատկապես պարենային) արձանագրված գնաճային որոշակի նվազումը։ Հայաստանում առհասարակ գնաճը որակապես ավելի ցածր է, քան ԵԱՏՄ երկրներում։ Եվրոպական երկրներում գնաճի միջին մակարդակը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան մեզ մոտ, այսինքն՝ Հայաստանում գնաճի համեմատաբար ցածր մակարդակը թույլ չի տալիս բնակչության կենսամակարդակի կամ եկամուտների գնողունակության էական կրճատում լինի»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով միջին ամսական անվանական աշխատավարձի 16,6 տոկոս աճին՝ Քթոյանը նշեց, որ իրական աշխատավարձի մասով աճը շուրջ 14 տոկոս է, այսինքն՝ աշխատավարձի գնողունակությունն այդ չափով իրականում ավելացել է, թեև պետք է հասկանալ, որ դա միջինացված ցուցանիշ է, ոչ բոլոր ոլորտներում է արձանագրվել աշխատավարձի նման աճ և ոչ բոլոր ոլորտներում է, որ աշխատավարձը բարձր է։ Օրինակ՝ առևտրի, սպասարկման, կրթության ոլորտներում աշխատավարձերը զգալիորեն ցածր են, և այն աճերը, որոնք արձանագրվել են այդ ոլորտներում նույնիսկ առկա գնաճի պայմաններում, հնարավորություն չեն տալիս մեկ տարվա ընթացքում բնակչության իրական եկամուտների նկատելի աճ արձանագրել։

«Եթե խոսվում է կենսամակարդակի շոշափելի աճի մասին, ապա պետք է հասկանալ, որ մեկ տարվա ընթացքում թեկուզ 14 տոկոս գնողունակության աճը հատկապես ցածր եկամուտների պարագայում չի կարող կենսամակարդակի զգալի բարձրացման բերել։ Բայց եթե առաջիկա հինգ տարիների ընթացքում կենսամակարդակի աճը պահպանվի, ապա դա թույլ կտա մարդկանց եկամուտների կամ աշխատավարձերի գնողունակությունը երկու անգամ ավելացնել»,-ասաց Քթոյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արտաքին առևտրաշրջանառության աճող ցուցանիշն ու տարբեր ուղղություններով հատկապես արտահանման ծավալների ավելացումը չե՞ն վկայում արդյոք տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին՝ Քթոյանն ընդգծեց, որ ավելի շուտ նկատվում է հակառակ պրոցեսը։

«Եթե տվյալ դեպքում մենք հասկանում ենք հնարավոր արտահանման առանցքային ուղղությունների բազմազանության ընդլայնում կամ մեկ ուղղությունից կախվածության թուլացում, ապա պետք է փաստել, որ այդ առումով հաջող դիվերսիֆիկացիայի մասին խոսք լինել չի կարող։ ԵԱՏՄ երկրներ արտահանումն ավելացել է 87 տոկոսով, որում գլխավորը ՌԴ-ի մասնաբաժինն է, իսկ եվրոպական ուղղությամբ արտահանման ծավալը նվազել է ավելի քան հինգ տոկոսով։ Այստեղ կա լուրջ դիսոնանս։ Եթե ԵԱՏՄ-ին անդամագրվելուց առաջ Հայաստանից ԵՄ երկրներ և Հայաստանից ՌԴ արտահանումները ծավալային առումով գրեթե նույնն էին, ապա այսօր դեպի Ռուսաստան արտահանումը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ երկրներ արտահանումը չի հասնում նույնիսկ 600 միլիոնի»,- նշեց մեր զրուցակիցը։

Քթոյանի բնորոշմամբ՝ սա դիվերսիֆիկացիա չէ, այլ հակառակ գործընթաց, և դա մտահոգիչ է ոչ այնքան այն առումով, որ կարող է ինչ-որ մի պահի օգտագործվել ՀՀ-ի դեմ, այլև այն առումով, որ տնտեսությունը, որը գնալով նվազեցնում է արտահանման դիվերսիֆիկացիայի մակարդակը, ապա իր ներսում ճգնաժամի էլեմենտներ է կուտակում, որոնք կարող են ինչ-որ իքս պահի շատ ցավոտ կերպով դրսևորվել։ Բազմազանությունը պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ ԵՄ արտահանումն ինքնին ենթադրում է նաև տեխնոլոգիաների փոխանակում, ստանդարտների համապատասխանեցում, նոր մշակույթի ներմուծում, ինչը համեմատելի չէ ԵԱՏՄ կամ ՌԴ բիզնես միջավայրի գործող պարամետրերի հետ։

Մանվել Մարգարյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85