«ԱՐԱՐ» հիմնադրամ. Նոր աշխարհակարգում սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է համապարփակ անվտանգության համակարգ
Դեկտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակին նվիրված տպավորիչ միջոցառում-կոնֆերանսը: Հոբելյանական օրը նշանավորվեց հիմնադրամի ձեռքբերումների ամփոփմամբ, նոր համագործակցությունների մեկնարկով և մարտահրավերների հաղթահարման տեսլականի ուրվագծմամբ: Մասնակցում էին հիմնադրամի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Սփյուռքից և Հայաստանից առաջատար փորձագետներ, ինչպես նաև հիմնադրամի բարեկամներ:
Բացման խոսքով հանդես եկավ «ԱՐԱՐ» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը, իր խոսքում նշելով․ «Վերջին տարիներին աշխարհաքաղաքական զարգացումների խորությամբ ուսումնասիրումը մեզ հանգեցրել է միասնական այն համոզմունքին, որ նոր ձևավորվող աշխարհակարգում մեր նման սահմանափակ հնարավորություններով երկրներն այլընտրանք չունեն, քան առավելագույնս մոբիլիզացնել հանրային և մասնավոր ռեսուրսները, ինտելեկտուալ և տեխնոլոգիական կարողություններն ու լինել այնքան ուժեղ, որ թշնամիների համար դառնալ անհարմար և անմարսելի հակառակորդ, իսկ բարեկամների համար ցանկալի դաշնակից»։
Ռազմակրթական մշակույթի զարգացման նոր համագործակցություններ
Հայաստանում ռազմամարզական և ռազմակրթական մշակույթը զարգացնելու նպատակով «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Զարկ» կրթական ծրագրի տնօրեն Անի Հովհաննիսյանի, «Արշակունի» ռազմամարզական ՀԿ տնօրեն Արտավազդ Վարդանյանի և «Ազատազէն» կրթական ՀԿ տնօրեն Նաղաշ Բաղդասարյանի հետ: Այս հուշագրերով «ԱՐԱՐ» հիմնադրամը ստանձնեց ռազմամարզական և կրթական կառույցների ռազմավարական աջակցությունն ու ենթակառուցվածքների զարգացումը։
Հայաստանի անվտանգության հեռանկարը փոփոխվող աշխարհակարգի պայմաններում
Առաջին պանելային քննարկումն անցկացվեց «Նոր աշխարհը և համապարփակ անվտանգային համակարգը. Հայաստանի մարտահրավերները» թեմայով: Զեկուցումով հանդես եկավ Լոնդոնի Համալսարանական Քոլեջի դասախոս, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը: Աբրահամյանն իր զեկույցում ընդգծեց․ «Բազմաբևեռ աշխարհակարգը հղի է պատերազմներով և միջազգային հարաբերությունների կանոնների և համակարգի փոփոխմամբ։ Գոյաբակական սպառնալիքների այս տուրբուլենտ դարաշրջանը դիմակայելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են ասիմետրիկ լուծումներ և նոր որակի համակարգեր, ինչպիսին է «Համապարփակ անվտանգային համակարգը»։
Պանելային քննարկման ընթացքում «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ տնօրեն Արման Պողոսյանը, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, «Բերդ» ՀԿ ներկայացուցիչ Արփի Թոփչյանը և «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը քննարկեցին Հայաստանում համապարփակ պաշտպանության հայեցակարգի զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները։
Տնտեսական անվտանգություն՝ հանուն համապարփակ անվտանգության
Կոնֆերանսի երկրորդ հատվածում քննարկման կենտրոնում էին Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրները, որի վերաբերյալ հետազոտության արդյունքները ներկայացրեց «Civitta Armenia»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։ Հետազոտության արդյունքում առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ։
Տնտեսական ոլորտի փորձագետների թվում ելույթ ունեցան Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը և Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը: Քննարկումը ներառեց ներդրումային միջավայրի բարելավման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հնարավորությունները:
«ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակին նվիրված այս միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծվեց Հայաստանի անվտանգային մարտահրավերների արդյունավետ դիմակայելու նպատակով համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման հրամայականը։
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐ» հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին՝ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներին հիմնարար լուծումներ տալու առաքելությամբ։ Այնուհետետև հիմնադրամի գործունեության առանցքը դարձել է անվտանգային հիմնախնդիրների հետազոտություններն ու լուծումները՝ ժամանակակից տեխնոլոգիական առաջատար փորձի ներդրմամբ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Դավիթ Փախչանյանը, անդամները՝ Մանուկ Հերգնյանը, Ավետիք Չալաբյանը, Իգոր Զարգարյանը և Արթուր Ալավերդյանը, տնօրենը՝ Արմեն Խաչիկյանը։