ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին, միության նախագահ Վարդկես Քնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին եւ արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր Պիեր Աքելյանին (Կանադա), Նազարեթ Սապունջյանին (Լիբանան), Գագիկ Գեւորգյանին (ՌԴ), Հակոբ Մինասյանին (ԱՄՆ) եւ Շահե Արսլանյանին (Բելգիա)։
Քննարկվել են Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Կարեւորելով մեր երկրում հիշյալ ոլորտի զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, այդ գործում Հայրենիքի եւ սփյուռքի գործարար շրջանակների ջանքերի համատեղումը, վարչապետը ողջունել է` հատկապես ներկայիս Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի եւ արտերկրի հայ ոսկեգործների միությունների միջեւ արդյունավետ երկխոսության հաստատումն ու խթանումը։ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ արդեն իսկ կա հիմնախնդրի ընդհանուր ըմբռնում, ոլորտի զարգացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություններ եւ առաջարկներ։ Նա նշել է, մասնավորապես, Գյումրիում տեխնոպարկի, հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախագծերը, Ռուսաստանի Դաշնության կառավարության, ինչպես նաեւ ադամանդագործական ոլորտի խոշոր ընկերությունների` «ԱլՌոսա»-ի, «Կրիստալ»-ի հետ ընթացող բանակցությունները` ոլորտում համագործակցությունը զարգացնելու շուրջ։
Հանդիպման մասնակիցները ՀՀ վարչապետին ներկայացրել են առաջիկա երկու տարիների իրենց ծրագրերը, գործնական համագործակցության վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները; Ընդգծելով Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը, նրանք կարեւորել են փոխգործակցությունը ժամանակակից տեխնոլոգիաների փոխանակման, սպառման շուկաների յուրացման հարցերում, այդ նպատակով Հայաստանում միջազգային ներկայացուցչական ցուցահանդեսների կազմակերպումը եւ այլ երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում միասնաբար ներկայանալու հնարավորությունը։ Առաջարկվել է նաեւ Հայաստանում ստեղծել հիմնադրամ` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունն ստեղծելու եւ աշխարհին ներկայացնելու նպատակով։ Արտերկրում ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ նախանշվող ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի Հայաստանը դարձնելու ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության միջազգային կենտրոն, ապահովելու հազարավոր աշխատատեղեր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրների շուրջ, անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ։ Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին, նախագծերին ու ծրագրերին։