Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 18/12/09
18/12/2009 12:21
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 18/12/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թ. դեկտեմբերի 8-ի բանկի խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի  նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը,  Գրիգոր Ղոնջեյանը, Ահարոն Չիլինգարյանը և Անդրանիկ Նորեկյանը:
Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ, առկա նոր տեղեկատվության հիման վրա, գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումների վերաբերյալ: Համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներն ընթացիկ ժամանակահատվածում ուժգնացել են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Այս զարգացումները, զուգորդվելով տնտեսական ակտիվության վերականգնման շարունակվող միտումներով, ավելացրել են գնաճային ճնշումները ներքին շուկայում:

2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4.6%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1.1 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների գները աճել են 1.8%-ով (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ),  ոչ պարենային ապրանքների գները` 1.4%-ով (նպաստումը գնաճին`  0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով (նպաստումը գնաճին` 0.03 տոկոսային կետ): Նոյեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող ապրանքների, հատկապես շաքարավազի, կենդանական և բուսական յուղերի գների աճով, ինչպես նաև բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի գների սեզոնային աճով: Ոչ պարենային ապրանքների կազմում գնաճ է տեղի ունեցել գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով, ընդ որում առավել նշանակալի է եղել բենզինի գնի աճը, որը կազմել է 4.5%` նպաստելով ընդհանուր գնաճին 0.1 տոկոսային կետով:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո Խորհուրդը սկսեց իր քննարկումները արտաքին և ներքին փաստացի և ակնկալվող զարգացումների վերաբերյալ: Խորհրդի անդամները համաձայնեցին, որ տնտեսական զարգացումները բնութագրող ավելի շատ ցուցանիշներ են սկսում վկայել համաշխարհային տնտեսության վերականգնման մասին, մասնավորապես 2009 թ. երրորդ եռամսյակում գրեթե բոլոր առաջատար երկրները արձանագրել են տնտեսական աճ: Համաշխարհային տնտեսության վերականգնման նման ընթացքն իր ազդեցությունն է ունեցել նաև հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների վրա` աճի ուղղությամբ: Գնաճի արագացում է նկատվում ամբողջ աշխարհում, որի հետևանքով ավելի ու ավելի երկրներ են հայտարարում խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններից աստիճանական հրաժարման մասին: Այսպես, գերակշռում են այն գնահատականները, որ զարգացած երկրները, հատկապես Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն, քանակական խթանման ծրագրերը կրճատելուց հետո արդեն 2010 թ. առաջին կիսամյակում կանցնեն տոկոսադրույքների բարձրացմանը: Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա նրանք ստիպված կլինեն ավելի շուտ անցում կատարել զսպողական քաղաքականության իրականացման` պայմանավորված այս երկրներում կապիտալ ներհոսքի արագացման, համախառն պահանջարկի և տնտեսական ակտիվության ավելի արագ վերականգնման սպասումներով: Վերոնշյալ գնահատականների պայմաններում գերակշռում են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների հետագա աճի կանխատեսումները` ավելացնելով գնաճային սպասումներն ապագայի համար:
Անդրադառնալով ներքին միջավայրի զարգացումներին, Խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՆԱ կայունացման միտումները պահպանվել են` պայմանավորվելով օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում արձանագրված աճերով: Այս պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի անկման տեմպերը շարունակել են դանդաղել` հունվար-հոկտեմբերին կազմելով տ/տ 17.5%` հունվար-հուլիսին արձանագրված 18.5% նվազման դիմաց: Քննարկելով 2010 թ. ընթացքում ակնկալվող զարգացումները` Խորհուրդը փաստեց նաև, որ չնայած 2010 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված (ներկա պահին հաստատված) պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ  որոշակիորեն կրճատվելու է, սակայն դեռևս պահպանվելու է բարձր մակարդակի վրա, ինչը շարունակելու է նշանակալի ընդլայնող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Խորհուրդը փաստեց, որ նոյեմբերին տնտեսության դոլարայնացման տեմպերը շարունակել են արագանալ` հանգեցնելով դրամային շուկաներում տոկոսադրույքների հետագա աճի և տատանողականության պահպանման: Մասնավորապես, պետական արժեթղթերի շուկայի եկամտաբերության կորի հատկապես կարճաժամկետ հատվածում նկատվել է տոկոսադրույքների շուրջ 1.5% աճ: Ինչ վերաբերում է եկամտաբերության կորի ավելի երկարաժամկետ հատվածին, ապա մասնավորապես 3-ից 5 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքն աճել է ընդամենը 0.1-0.4 տոկոսային կետով` կազմելով 12.6-13.2%: Միաժամանակ,  շարունակել է պահպանվել վարկային շուկայի ակտիվությունը` պայմանավորված նաև ՀՀ ԿԲ և Կառավարության համատեղ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շրջանակներում բանկային համակարգի միջոցով տնտեսության վարկավորման ծրագրերի իրականացմամբ, իսկ վարկերի տրամադրման պայմաններն ընթացիկ ժամանակահատվածում էապես չեն փոփոխվել:

Մակրոտնտեսական արտաքին և ներքին միջավայրի, ֆինանսական շուկայի զարգացումների քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների քննարկմանը: Խորհուրդը համաձայնեց, որ կանխատեսվող 12-ամսյա հորիզոնում համաշխարհային տնտեսության աճի ներքո սպասվող գնաճային ճնշումների ավելացման, ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության, ներքին տնտեսական ակտիվության վերականգնման և համախառն պահանջարկի աստիճանական աճի գնահատականների պայմաններում գերակշռելու են գնաճի տեմպի հետագա ավելացման ռիսկերը: Միաժամանակ, շրջանառվող տեղեկատվության համաձայն, բարձր է նաև 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների աճի և վերջինիս հետևանքով ուղղակի և անուղղակի գործոններով պայմանավորված լրացուցիչ գնաճային ռիսկերի դրսևորման հավանականությունը: Միաժամանակ, Խորհուրդը փաստեց, որ չնայած արձանագրվող դրական միտումներին, տնտեսության վերականգնման տեմպերը դեռևս բավարար չեն և պահպանվում է տնտեսական ակտիվության հնարավորինս խթանման արդիականությունը: Վերոնշյալ գնահատականների պայմաններում Խորհրդի քննարկումները կենտրոնացան դրամավարկային քաղաքականության երկու սցենարների շուրջ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.50 տոկոսային կետով բարձրացման կամ տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանման: Կարծիքների փոխանակման արդյունքում, Խորհուրդը որոշեց դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 2.00% և 8.00%:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12