
Եվրոպա և Կենտրոնական Ասիա. զբաղվածության ոլորտի ներդրումները որպես արտադրողականության և աճի կարևոր խթան
«Թեև Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը դանդաղել է, տարածաշրջանը շարունակում է դիմակայել հարատևող գլոբալ և ռեգիոնալ մարտահրավերներին»,- նշվում է Համաշխարհային բանկի՝ այսօր լույս տեսած «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական նորություններ. աշխատատեղեր և բարգավաճում» հրապարակման մեջ։
Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թ.-ին կաճի 2.4 տոկոսով, ինչը ցածր է 2024 թ-ի 3.7 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական ակտիվության նվազմամբ։ Բացառությամբ Ռուսաստանի, որի բաժինը, ի դեպ, կազմում է տարածաշրջանի արդյունքի շուրջ 40 տոկոսը, ընդհանուր տնտեսական աճը հավանաբար կմնա անփոփոխ՝ այս և հաջորդ տարի կազմելով մոտավորապես 3.3 տոկոս։
«Տարածաշրջանի զարգացող տնտեսությունները պետք է իրականացնեն համարձակ բարեփոխումներ դիմացկունությունը արտադրողականության, արդյունքի և աշխատատեղերի ավելի մեծ աճի փոխակերպելու համար, ինչը համահունչ կլինի տարածաշրջանի հարափոփոխ ժողովրդագրական պատկերին և ի գործ կդնի առկա բնական առավելությունները»,- նշել է Համաշխարհային բանկի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանին։ «Կարևոր է, որ երկրները հզորացնեն մասնավոր հատվածը, բարելավեն կրթության ոլորտը և ապահովեն ավելի արդյունավետ կապեր միջազգային, տարածաշրջանային և ներքին մակարդակներում՝ միաժամանակ ներգրավելով ավելի մեծ մասնավոր կապիտալ։ Տարածաշրջանի հիմնական մարտահրավերը աշխատանքային հնարավորությունների և ցածր որակավորմամբ աշխատատեղերը որակյալ հնարավորությունների փոխակերպելն է»։
Անդրադառնալով հատկապես աշխատատեղերի խնդրին՝ զեկույցում ասվում է, որ արտադրողականության աճը խթանելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար վճռորոշ են ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ արվող ներդրումները, գործարար միջավայրի բարելավումը և մասնավոր կապիտալի մոբիլիզացումը։
Երկրները պետք է սկսեն ներդրումներ կատարել աշխատատեղերի համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես ֆիզիկական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի մեջ։ Կարևոր է նաև բարձրացնել կրթության մակարդակը, հատկապես միջին մասնագիտական և բարձրագույն մակարդակներում։ Երիտասարդներն ու կանայք, ովքեր շարունակում են թերներկայացված մնալ, որպես աշխատուժ, ունեն դեռևս չօգտագործված ներուժ։
Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում զգալի թվով աշխատատեղեր են ստեղծվել, սակայն դանդաղող տնտեսական աճը, արտադրողականության հետընթացը և բարեփոխումների թույլ դինամիկան էլ ավելի են սրում զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերները։ Չնայած նրան, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զբաղվածությունը վերջին 15 տարում աճել է 12 տոկոսով (հատկապես ծառայությունների ոլորտում, որը ներկայումս ապահովում է աշխատատեղերի կեսից ավելին), աշխատանքային հնարավորությունների մեծ մասը ստեղծվել են սահմանափակ եկամտաբերություն ապահովող՝ համեմատաբար ցածր որակավորում պահանջող աշխատանքների ոլորտում։
Ժողովրդագրական խոչընդոտները սպառնում են աշխատաշուկայի կայունությանը․ կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում աշխատունակ տարիքի բնակչությունը կնվազի շուրջ 17 միլիոնով, և այդ նվազումը կդիտվի հիմնականում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ու Արևմտյան Բալկաններում։ Կենտրոնական Ասիայում և Թուրքիայում, ընդհակառակը, աշխատունակ բնակչության թիվը կաճի՝ լրիվ այլ բնույթի ճնշում գործադրելով աշխատաշուկայի վրա։ Կառուցվածքային խոչընդոտները, ինչպիսիք են հազվադեպ ընդլայնվող փոքր ձեռնարկությունների առատությունը, վարկային և վենչուրային ֆինանսավորման թերի զարգացած շուկաները, կրթության և վերապատրաստման անարդյունավետ համակարգերը, մրցակցության ցածր մակարդակը և պետության կողմից սեփականաշնորհված ձեռնարկությունները, թուլացնում են բիզնեսի դինամիկան և շուկայի արդյունավետությունը։
«Յուրաքանչյուր երկիր կարող է հարմարեցնել իր մոտեցումն իր ակտիվները՝ մարդկային ներուժը, ֆիզիկական ենթակառուցվածքները, ինստիտուտներն ու բնական պաշարները ավելի արդյունավետորեն օգտագործելու համար»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին։ Նրա կարծիքով «աշխատանքային հնարավորությունների ընդլայնումը կարող է օգուտ բերել գրեթե բոլոր աշխատողներին, քանի որ ամեն ոլորտ հմտությունների իր պահանջներն ունի։ Այս ուղղությունների վրա կենտրոնանալը քաղաքականություն մշակողներին տալիս է իրական հնարավորություն դիմագրավելու զբաղվածության ոլորտի մարտահրավերներին և խթանելու աճը»։