ԱՄՆ-ում բանկային հաշիվների մեծ մասը փակվում է իշխանությունների պահանջով
Կատոյի ինստիտուտի նոր զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում բանկային հաշիվների փակման դեպքերի մեծ մասը կապված է կառավարության կողմից գործադրվող ճնշման հետ, այլ ոչ թե ֆինանսական հաստատությունների ինքնուրույն ընդունված որոշումների։
Հետազոտողներն առանձնացրել են հաշիվների փակման մի քանի պատճառ՝
- բանկերի քաղաքական կամ կրոնական օտարում, երբ հաշիվները փակվում են համոզմունքների կամ որևէ խմբի պատկանելության հիման վրա,
- բանկերի օպերացիոն օտարում, երբ բանկը դադարեցնում է հարաբերությունները հաճախորդի հետ բիզնես պատճառներով,
- բանկերի պետական օտարում, երբ իշխանությունները ճնշում են գործադրում բանկերի վրա՝ որոշակի հաճախորդների հետ կապերը խզելու համար։
Կատոյի ինստիտուտի վերլուծաբան Նիկոլաս Էնթոնին նշել է, որ թվային ակտիվների հետ աշխատող ընկերությունները վաղուց են հայտնում բանկային ծառայություններին հասանելիության դժվարությունների մասին։ Այդ հասանելիությունը սահմանափակվում է կարգավորող մարմինների կողմից ոչ թե բացահայտ արգելքների, այլ ոչ ֆորմալ ճնշման միջոցով։
Փորձագետն ընդգծել է, որ այդպիսի գործողությունները եզակի դեպքեր չեն և հաճախ ունենում են երկու ձև՝ պաշտոնական նամակներ կամ դատական որոշումներ, որոնք բանկերին պարտադրում են փակել հաշիվները։
Էնթոնին հիշատակել է ԱՄՆ Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիայի գործողությունները, որը բանկերին ուղղված նամակներով կոչ էր արել ժամանակավորապես դադարեցնել կրիպտոարժույթների հետ կապված գործունեությունը։
Հետազոտության մեջ նշվում է, որ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանները և Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ղեկավարության փոփոխությունները որոշ չափով լուծել են խնդիրները, սակայն չեն դարձել երկարաժամկետ լուծում։
Էնթոնիի կարծիքով՝ խնդրի լուծման բանալին Կոնգրեսի ձեռքում է, որը պետք է բարեփոխի Բանկային գաղտնիքի մասին օրենքը, վերացնի հեղինակության ռիսկերի կարգավորումը և չեղարկի գաղտնիության այն կանոնները, որոնք պաշտպանում են կառավարության կողմից գործադրվող ճնշումը հանրային վերահսկողությունից։
