ՄԱԿ. 2025 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 6%-ով
2025 թվականին համաշխարհային ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 1.6 տրիլիոն դոլարի։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ համաշխարհային ներդրումային միտումների վերաբերյալ ամենամյա զեկույցում։
Կազմակերպության գնահատմամբ՝ զարգացած տնտեսություններում ներդրումների ներհոսքն աճել է 11%-ով, մինչդեռ զարգացող երկրներում՝ ընդամենը 2%-ով։ Նշվում է, որ ներդրումային ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել մի շարք խոշոր նախագծերով, առաջին հերթին՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Զգալի ներդրումներ են ուղղվել նաև կիսահաղորդիչների արտադրությանը, նավթի և գազի ոլորտին, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող հանքանյութերի հետ կապված նախագծերին։
UNCTAD-ի փորձագետները պարզաբանում են, որ մյուս ոլորտների մեծ մասում ներդրումային ակտիվությունը պահպանվել է զուսպ մակարդակում։ Զեկույցի համաձայն՝ համաշխարհային ներդրումային հոսքերի վերականգնումը շարունակում է մնալ «անկայուն» և ուղեկցվում է դրանց ավելի մեծ կենտրոնացմամբ առանձին երկրների և տնտեսության ճյուղերի շրջանակում։
Կազմակերպությունը նաև զգուշացնում է, որ 2026 թվականի ներդրումային հեռանկարները մթագնում են համաշխարհային առևտրում պահպանվող անորոշության, աշխարհաքաղաքական լարվածության, հակամարտությունների և ֆինանսավորման բարձր արժեքի պատճառով։
