Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կենտրոնական բանկ. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները
23/11/2019 17:16
Կիսվել

Կենտրոնական բանկ. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը: Այսպես, արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ:

Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Կառավարությունը հաստատել է կայուն մակրոտնտեսական քաղաքականություն վարելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, ինչպես նաև ինստիտուտները և կառավարման համակարգը ուժեղացնելու իր հանձնառությունը:

Չնայած արտաքին անկայունությանը, ներքաղաքական ցնցումներին և արագ աճի ժամանակահատվածին, Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը և գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի 4% թիրախից ցածր:

«Ֆիթչ»-ը մեծապես վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու Կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023թ.-ը կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

Մասնավոր սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր և դրանից ելնելով «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը 4.6%): Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ.-երին կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:

«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի  ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի: Արտաքին ֆինանսավորման մատչելիությունը, միջազգային պահուստների ավելացումը և փոխարժեքի ճկունությունը մեղմել են միջազգային իրացվելիության ռիսկը: Արտաքին ֆինանսավորման հետ կապված ռիսկերը մեղմվել են 2019թ. մայիսին ԱՄՀ հետ կնքված նախազգուշական Սթենդ-Բայ ֆինանսավորման մեխանիզմով և պաշտոնական վարկատուների աջակցությամբ: 2019թ. սեպտեմբերին Կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկումը և հաջորդ տարվա ընթացքում մարման ենթակա պարտատոմսերի 80%-ի ետգնումը վերացրել է վերաֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը:

Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ  հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը, մասամբ, արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի»  մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:

Նկատենք, որ 2006 թ. հունիսի 5-ին «Ֆիթչ» կողմից Հայաստանին տրվել է «BB-» սուվերեն վարկանիշ», որը 2008թ.-ին մեկ մակարդակով բարձրացվել է, իսկ հետագայում  երկու անգամ՝ մեկական մակարդակով իջեցվել: Առաջին անգամ այն իջեցվել է 2009թ. օգոստոսին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութամբ: Երկրորդ անգամ՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվել է 2015թ. հունվարին՝  պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակից բխող Հայաստանի տնտեսության զգալի խոցելիությամբ: 2015թ. հունվարից հետո «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել:

«Ֆիթչ»-ի կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6