Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նախագահ Սարգսյանի հարցազրույցը EFE գործակալությանը
14/03/2017 22:06
Կիսվել

Նախագահ Սարգսյանի հարցազրույցը EFE գործակալությանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական սղագրությունը:

– Մեծարգո պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է Ձեր ընդունելությունը, շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար և ուրախ ենք գտնվել Հայաստանում:

– Ես եմ շնորհակալ, որ այսպիսի հնարավորություն ունեմ:

– Նախ կուզեինք սկսել Ձեր այցերից: Վերջերս Դուք գտնվում էիք Բրյուսելում: Շուտով նաև մեկնելու եք Ռուսաստան` Մոսկվա: Ո՞րն է այս ակտիվ դիվանագիտության նպատակը:

– Յուրաքանչյուր երկիր ունի խնդիրներ, յուրաքանչյուր երկիր ցանկանում է սերտ համագործակցել իր գործընկերների հետ, այդ համագործակցությունը բազմաշերտ է: Կարծում եմ`ամենաբարձր մակարդակներով ակտիվ քաղաքական երկխոսությունը ամենաարդյունավետ միջոցն է, և դա շատ լավ ազդակներ է հաղորդում մնացած բոլոր ոլորտներին: Այո, ես գրեթե մեկ շաբաթ առաջ եմ եղել Բրյուսելում, երեկ վերադարձել եմ Փարիզից և երեքշաբթի մեկնելու եմ Մոսկվա: Հավելեմ, որ մարտին նաև լինելու եմ Արաբական Միացյալ Էմիրություններում և Մալթայում:

– Ռուսաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է: Ինչպե՞ս են ձեր հարաբերություններն այսօր Ռուսաստանի հետ` հաշվի առնելով, որ Ռուսաստանը բավականին լարված հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Ձեր կարծիքով` արդյոք Արևմուտքն անարդար է Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանը կարո՞ղ է ինչ-որ կերպ նպաստել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավմանը:

– Ռուսաստանն իրոք մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք Ռուսաստանի հետ ունենք հարաբերությունների շատ երկար պատմություն: Այդ հարաբերություների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ կապեր, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Մենք որևէ պատճառ չենք տեսնում այդ կապերը խզելու համար, ընդհակառակը, մենք ցանկանում ենք այդ կապերն էլ ավելի ամրապնդել, ընդլայնել, դա բխում է մեր ազգային շահերից: Ռուսաստանը մեր առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է, այն այսօր ամենախոշոր ներդրողն է Հայաստանում, ՌԴ հետ ունենք շատ լավ ռազմատեխնիկական համագործակցություն: Ռուսաստանը մեծ շուկա է` ահռելի շուկա: Ռուսաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանը լավ են ճանաչում, և որը մեզ համար եղել է և կա որպես մեծ զբոսաշրջային բազա: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով. մենք ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, համագործակցում ենք այլ միջազգային կառույցներում ևս: Ես չեմ ուզում գնահատական տալ արևմտյան երկրներին, որոնք այսօր դժվարին հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, որովհետև վստահ եմ, որ ցանկացած երկիր, ցանկացած կազմակերպություն իր քայլն անելիս համարում է, թե ինքն արդար է: Այստեղ պարզապես մի բան կարող եմ ասել` ժամանակակից աշխարհում ժողովուրդները կարող են շահել, երբ ապրանքները, կապիտալը, աշխատուժը ազատ կարողանում է տեղաշարժվել: Տնտեսական հաջողությունների կարելի է հասնել աստիճանաբար: Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում:  Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, չափազանցություն կլինի: Սակայն սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի որ համոզված ենք` հակասություններից  օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է, իսկ փոքր երկրների համար շատ պարագաներում դա կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից` մենք մշտապես մեզ լավ ենք զգում, երբ ՆԱՏՕ- Ռուսաստան, Արևմուտք- Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի  վիճակն է:

– Ձեր որոշ հարևաններ, օրինակ՝ Վրաստանը, ընտրել է իր զարգացման ուղին եվրոպական ուղղությամբ: Դուք ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի զարգացումն այդ ուղղությամբ, արդյոք հակասություններ չեք տեսնում  Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև:

– Գուցե կան հակասություններ այդ երկու տնտեսական, քաղաքական կառույցների միջև, բայց մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, փորձում ենք համագործակցել նաև Եվրամիության հետ: Ընդհանրապես, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Մենք ամեն տարի բարելավում ենք մեր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ, սա ևս բխում է մեր ազգային շահերից: Գիտեք, որ Եվրամիությունն ունի հատուկ քաղաքականություն` Արևելյան գործընկերությունը, որն իր ներսում խնդիրներ էր պարունակում: Երբ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովին որոշվեց, որ ԵՄ-ն պետք է տարբերակված  մոտեցում ունենա Արևելյան գործընկերության յուրաքանչյուր անդամի նկատմամբ, մենք անմիջապես ցանկություն հայտնեցինք վերսկսելու բանակցությունները Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակային փաստաթղթի շուրջ: 2015թ. դեկտեմբերին Եվրամիությունը և մենք  հայտարարեցինք այդ բանակցությունների սկզբի մասին: Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ պարոն Տուսկը և ես հայտարարեցինք, որ այդ բանակցություններն ավարտված են և փաստաթուղթը պատրաստ է նախաստորագրման: Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը, մեր խորին համոզմամբ սա փոխլրացնող քաղաքականություն է, մենք ոչ մեկ, ոչ էլ մյուս փաստաթղթում չունենք իրար հակասող դրույթներ: Ինչու եմ հղում կատարում փաստաթղթերին` որովհետև իմ կարծիքով պետությունների կարևորագույն պարտականություններից մեկն է լինել պատասխանատու և տեր լինել ստորագրված փաստաթղթերին:

– Հաշվի առնելով փախստականների հետ կապված ճգնաժամը, որն այսօր ապրում է Եվրոպան` տեղյակ ենք, որ Հայաստանը Սիրիայից բավականաչափ փախստականներ է ընդունել իր երկիր: Ի՞նչ խորհուրդ Դուք կարող եք տալ եվրոպացիներին այս հարցում:

– Խորհուրդ տալու համար շատ բան է անհրաժեշտ: Ես այդ ամենը չունեմ: Միայն կարող եմ ասել, որ մենք Սիրիայից ժամանած մեր քույր-եղբայրներին անվանում ենք հայրենադարձներ, որովհետև մենք նույն միս ու արյունից ենք: Մենք ընդունել ենք Սիրիայից եկած քսան հազար մարդու` հիմնականում հայերի, ովքեր, իհարկե, Հայաստանում որոշակի դժվարություններ ու խնդիրներ ունեն, քանի որ այսօր Հայաստանի բնակչությունն ինքն ունի դժվարություններ ու խնդիրներ: Սակայն մենք փորձում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին: Իհարկե, դա մեծ ողբերգություն է, մարդիկ թողել են իրենց տները, որ  տասնամյակներով կառուցել են, կահավորել, մարդիկ թողել են իրենց ժառանգությունը, իսկ այնտեղ մենք մեծ հայկական ժառանգություն ունեինք, մարդիկ ուղղակի փախել են` ոչ թե տեղափոխվել են, այլ փախել: Այս հանգամանքները մենք, իհարկե, հաշվի ենք առնում: Ներգաղթյալները տարբեր են լինում` կան մարդիկ, ովքեր պարզապես իրենց, իրենց երեխաների կյանքը փրկելու համար փախչում են  բնակության վայրից և փորձում են տեղ գտնել Եվրոպայում: Կան մարդկանց խմբեր, որոնք Եվրոպայում ավելի բարեկեցիկ կյանք են փնտրում: Կան մարդկանց խմբեր ովքեր գալիս են Եվրոպա այլ նպատակներով. ես վստահ եմ, որ եվրոպացիները քաջ տարբերակում են այս խմբերին:

– Երկու տարի առաջ Դուք նշեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կցանկանայի հասկանալ` որևէ կերպ դա ազդեցություն ունեցել է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու գործում: Կուզեի նաև մի փոքր խոսեիք Թուրքիայի հետ Ձեր նախաձեռնած քաղաքականության մասին, որը հայտնի է մեզ մոտ որպես սպորտային քաղաքականություն:

– Կարծում եմ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումները որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն: Մեր նպատակը մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնելը չէր: Այո, մենք շատ խիստ քննադատում ենք այսօրվա թուրքական իշխանություններին իրենց ժխտողականության համար: Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղված: Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն են, որ ծնում են նոր հանցագործություններ: Մենք պայքարում ենք, ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ պայքարում ենք ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների դեմ: Այո, դուք ճիշտ եք, ես 2008թ. ձեռնարկեցի հայ և թուրք դիվանագետների միջև շփումների հանրայնացումը: Տևական ժամանակ բանակցելուց հետո ստորագրեցինք երկու փաստաթուղթ, այդ ստորագրումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետությունների արտգործնախարարների ներկայությամբ: Սպասեցինք, որ թուրքերը վավերացնեին այդ փաստաթղթերը, քանի որ դրանցով նախատեսված էր վավերացում ինչպես թուրքական, այնպես էլ հայկական խորհրդարանում: Մինչ օրս սպասում ենք: Վստահ ենք, որ թուրքերը չեն վավերացնելու այդ փաստաթղթերը, քանի որ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով, մեզ նախապայմաններ են առաջադրում: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում մենք որևէ նախապայման չենք դնում և ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման ընդունել թուրքերի կողմից: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք` եկեք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:

– Խոսքս Լեռնային Ղարաբաղի Հակամարտության մասին է. ունե՞ք ծրագրած հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, քանի որ ձեր վերջին հանդիպումը եղել է նախորդ տարի հունիսին: Արդյոք կարծում եք, որ այդ հանդիպումը որևէ կերպ կարող է նպաստել հարաբերությունների շտկմանը:

– Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել որևէ բանակցային գործընթացից, այդ թվում նաև բարձր մակարդակով հանդիպումներից: Սակայն մենք նախընտրում ենք, որ գոնե ինչ-որ մասով, ինչ-որ չափով կատարվեն նախկին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուհետև մտածենք նոր հանդիպումների մասին: Հակառակ պարագայում ո՞ւմ են պետք այդ հանդիպումները, որոնց ընթացքում ձեռք են բերվելու պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվելու: Որպես օրինակ կարելի է բերել մեր վերջին ու նախավերջին հանդիպումները: Մենք հանդիպեցինք Վիեննայում, այնուհետ Սանկտ Պետերբուրգում, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք` ստեղծելու միջադեպերը հետաքննող մեխանիզմ, որպեսզի մեր սահմաններին լարվածությունը թուլանա, ինչը նպաստավոր պայման կստեղծեր բանակցությունների շարունակման համար: Բայց, ցավոք սրտի, այդ պայմանավորվածությունները չեն կատարվում, ավելին, Վիեննայի հանդիպումից ընդամենը երկու-երեք շաբաթ անց Ադրբեջանը սկսեց հայտարարել, որ այդ պայմանավորվածությունները, այդ հայտարարությունը համանախագահներինն է, այլ ոչ թե Ադրբեջանինը:

– Արդյոք ձեր սեղանի վրա շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը:

– Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, և Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել:

Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, որովհետև համանախագահները պարբերաբար լինում են նաև Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձևակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կլինի բանակցությունների վերջը:

Իսկ ինչպես հայտնի է` բանակցություններին այլընտրանք­­­­­ը պատերազմն է: Մենք սա որպես զիջում ենք համարում, որպես մեր կողմից ներդրում՝ բանակցային պրոցեսը շարունակելու: Բայց տարբեր հանգամանքներում, իհարկե, մեր մոտեցումը կարող է փոխվել: Եվ ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը սկսի լայնածավալ գործողություններ, ապա մենք անմիջապես ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն է: Կարծում եմ` տրամաբանությունը հասկանալի է: Մենք չենք ճանաչում, որ պատերազմ չլինի: Իսկ եթե պատերազմը կա, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ինչո՞ւ պետք է չճանաչենք:

– Արդյո՞ք Դուք վատատեսորեն եք տրամադրված հարցի կարգավորմանը:

– Գիտեք, շատ ակնհայտ է, հստակ է, որ Ադրբեջանը, սկսած 2011 թվականից, այսինքն՝ այն ժամանակից, երբ հրաժարվեց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևավորված փաստաթուղթը ստորագրելուց, փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, հսկայական քանակով զենք, զինամթերք է ձեռք բերել, կոշտացրել է իր հռետորաբանությունը, և 2014 թվականից սկսել է մտածված սադրանքներ իրականացնել շփման գծում: Այսինքն, քաղաքականությունը շատ հստակ է և հասկանալի. Ադրբեջանը փորձում է լարված պահել իրավիճակը, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ղարաբաղի և Հայաստանի վրա, հարմար պարագաներում մեծացնում է լարվածությունը, սադրանքներ է իրականացնում, որպեսզի մի կողմից ուշադրություն հրավիրի խնդրի վրա, մյուս կողմից փորձի վախեցնել Ղարաբաղին ու Հայաստանին ռազմական գործողություններով: Եվ այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ հարձակում ձեռնարկեցին: Այդ ռազմական գործողությունները հիմնականում տևեցին չորս օր, և այդ չորս օրվա ընթացքում հետևանքներն, իհարկե, շատ վատն էին, կորուստները մեծ էին: Մենք էլ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ էին: Այդ ռազմական գործողությունների պատճառով է, որ մենք հանդիպեցինք Վիեննայում` այն հանդիպումը, որի մասին ասացի: Իհարկե, հանդիպումներից հետո իրավիճակը շատ չբարելավվեց, մինչ օրս էլ շարունակվում են սադրանքները: Ինչպես ասացի, այդ ռազմական գործողությունների հետևանքները ծանր էին, սակայն մյուս կողմից էլ կարծում եմ, որ այդ գործողություններից դասեր քաղեցին և՛ ադրբեջանցիները, և՛ մենք: Մենք այն առումով, որ մեր ուշադրությունը մշտապես շատ-շատ լարված պետք է լինի, մենք ուշադիր պետք է լինենք շփման գծի ցանկացած հատվածի նկատմամբ, պետք է այդ շփման գիծը հագեցնենք ժամանակակից տեխնիկական միջոցներով, որպեսզի հակառակորդի տեղաշարժերը կարողանանք ժամանակին ֆիքսել: Դասեր քաղեց նաև Ադրբեջանն այն առումով, որ, ամենայն հավանականությամբ, իրենք չէին սպասում կորուստների այդպիսի քանակ, նրանց թվում էր, թե այնքան ուժեղ են, որ շատ կարճ ժամանակում կարող են խնդիրները լուծել: Այս պարագայում, իհարկե, լարվածությունը մնում է: Օրինակ՝ երեկ ամբողջ գիշերվա և ցերեկվա ընթացքում քառասունմեկ անգամ ադրբեջանցիները խախտել են հրադադարի կանոնները: Բայց դա տասն անգամ ավելի քիչ է, քան նախորդ ամիս յուրաքանչյուր օր: Ես համարում եմ, որ հավանականությունը շատ մեծ չէ, որ մոտակա տեսանելի ապագայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այսպես ասելուց ես մշտապես մտքում կրկնում եմ, որ երկրի Նախագահը և պաշտպանության նախարարն այսպիսի պարագաներում պետք է մտածեն, որ ոչ թե վաղը, այլ հնարավոր է, որ երկու կամ մի քանի ժամ հետո սկսվեն լայնածավալ գործողություններ:

– Կցանկանայի փոխել թեման և անդրադառնալ խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է շուտով տեղի ունենան: Իմ հարցն է՝ արդյոք դուք նպատակ ունեք շարունակելու ձեր գործունեությունը ընտրություններից հետո և մնալ որպես վարչապետ:

– Ես արդեն շատ երկար ժամանակ է, որ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, բարձր պաշտոններում: Առաջին անգամ 1993թ.եմ նշանակվել պաշտպանության նախարար: Որտեղ էլ աշխատել եմ, երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ պարտականությունը: Հիմա էլ նույնն է: Ամեն ինչ իրավիճակից է կախված: Անկեղծորեն եմ ասում, որ նախատեսած որևէ պլան չկա: Առաջնային նպատակն է ապրիլի երկուսին անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ այն մեծ նպատակով, որ խորհրդարանը վայելի մեր ժողովրդի վստահությունը, քանի որ այս խորհրդարանն էապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից, որովհետև կառավարման համակարգն է փոխվում: Ընդ որում, մեր կառավարման համակարգը ոչ թե նախագահական է, այլ կիսանախագահական: Եվ, իհարկե, շատ-շատ լավ կլինի, և ես շատ ուրախ կլինեմ, եթե լավ ընտրության հետ միասին կուսակցությունը, որը ես ղեկավարում եմ, ստանա շատ քվե: Այդ պարագայում վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը, ես այդ մասին հայտարարել եմ ամիսներ առաջ և ոչ մեկ անգամ: Եվ եթե կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողանա նույն տեմպով շարունակել բարեփոխումները մեր երկրում, ապա ես որևէ մեծ խնդիր չեմ տեսնում, որ նույն վարչապետը շարունակի իր գործունեությունը: Ես մեծ կուսակցության ղեկավար եմ: Ես միշտ էլ ինձ համար իմ փորձի, իմ ջանքերի ներդրման տեղ կգտնեմ: Ես արդեն մի անգամ եղել եմ վարչապետ և գիտեմ, թե ինչպիսի տաժանակիր աշխատանք է դա: Դրա մասին երազում են նրանք, ովքեր երբեք մոտիկից  չեն տեսել և չեն պատկերացնում, որ դա իրոք տաժանակիր աշխատանք է և ոչ թե վայելք:

– Վստա՞հ եք, որ Ձեր կուսակցությունը կհաղթի այս ընտրություններում:

– Գիտեք, հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ շատ բարդ է խոսել որևէ ընտրության մասին հարյուր տոկոս վստահությամբ: Գոնե մի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Ֆրանսիայում, օրինակ, այսպիսի իրավիճակ կստեղծվի: Բոլոր հիմնական սոցիոլոգիական հաստատությունները խոսում էին Քլինթոնի հաղթանակի մասին. տեղի ունեցավ հակառակը: Բայց ես չեմ համարում, որ դրանով սոցիոլոգիան ջնջվեց և չեմ համարում, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը սուտ գիտություն է: Եվ այդ իսկ պատճառով հավատում եմ մեր և օտարերկրյա սոցիոլոգներին, ովքեր ասում են, որ մեր կուսակցությունը այսօրվա դրությամբ ունի շատ լավ հնարավորություններ բարձր տոկոս ստանալու:

– Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը ԱՄՆ նախագահ Թրամփի մասին՝ հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևորությունն աշխարհում:

– Գիտեք, դեռևս վաղ է կարծիք հայտնելու, քանի որ նախ պարտավոր ենք հարգել ամերիկացիների ընտրությունը, և երկրորդ` շատ քիչ ժամանակ է անցել, պետք է սպասել, տեսնել: Չգիտեմ, միգուցե սխալվում եմ, ես մեծ մասնագետ չեմ այդ հարցում, բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում նախագահի թեկնածուներն էապես տարբեր մարդիկ են, սակայն տարբեր պաշտոնյաներ, երբ նույն մարդիկ դառնում են նախագահներ: Անկախ որևէ հանգամանքից, մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ շատ ամուր են: Եվ ամենակապող ամուր օղակը Միացյալ Նահանգներում մեծ հայկական համայնքն է, որը և՛ հարգանք է վայելում, և՛ մեծ ջանքեր է ներդնում Միացյալ Նահանգների հզորացման գործում:

– Խոսելով մեծ սփյուռքի մասին, որ ունեք աշխարհում` կցանկանայի խոսել այն հայերի մասին, ովքեր ապրում են Լատինական Ամերիկայում: Ինչպե՞ս եք կառուցում Ձեր հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ` հաշվի առնելով այն մեծաքանակ սփյուռքը, որն ունեք այդ երկրներում:

-Իրոք, մենք աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի քույրեր ու եղբայրներ ունենք, և նրանք մի հատկանիշ ունեն, որը չգիտեմ` շատ լավ է, թե շատ վատ: Դա այն է, որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում են: Այդպիսի վիճակում են մեր այն հայրենակիցները, ովքեր ապրում են Լատինական Ամերիկայում և գրեթե բոլոր երկրներում նրանք էական դերակատարություն են ունեցել այդ երկրների զարգացման գործում: Եվ նրանք գնահատվում են այդ երկրների կողմից, որովհետև տեսնում են նրանց երախտագիտությունը, տեսնում են նրանց պատրաստակամությունը՝ մաս լինել հասարակությանը: Պատահական չէ, որ աշխարհում առաջինն Ուրուգվայն է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը դեռևս 1965 թվականին: Եվ հիմա Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այսինքն, սա վերաբերմունք է ոչ միայն արժեքների նկատմամբ, սա վերաբերմունք է առաջին հերթին մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր իրենց հանրության մաս են կազմում: Երկու, թե երեք տարի առաջ եղել եմ Լատինական Ամերիկայի երկրներում, եղել եմ Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում: Այստեղ և՛ հոծ, և՛ շատ կենսունակ համայնքներ  ունենք, որոնք ունեն իրենց մշակութային կենտրոնները, լրատվամիջոցները, կան շատ մեծ հաջողությունների հասած անհատներ: Նրանցից մեկը, օրինակ, հսկայական գործունեություն է ծավալել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը, թերևս, Լատինական Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և շատ ուրախ ենք, որ նա Հայաստանում մեծ գործունեություն է ծավալել: Եվ այս պարագայում աշխարհագրական հեռավորությունը որևէ նշանակալի դեր չի կատարում:

-Որպես վերջին հարց կուզեի ասեիք` իսպանացիների համար Հայաստանն ի՞նչով կարող է գրավիչ լինել, որպեսզի կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Արդյոք ծրագրավորած այց ունեք Իսպանիա և այդ մասին խոսե՞լ եք մեր կառավարության ղեկավար Ռախոյի հետ:

– Ոչ, դեռևս այդ մասին չենք խոսել, բայց մենք պարոն Ռախոյի հետ նույն կուսակցությանն ենք անդամակցում՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, մենք ունենք շփումներ այդ մակարդակում: Այո՛, ես վստահ եմ, որ իսպանացիները լավ չեն ճանաչում Հայաստանը, բայց հայերը շատ լավ են ճանաչում Իսպանիան: Իսպանիան հայաստանցիների հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկն է. գալիս են վայելելու Միջերկրական ծովը, հարուստ իսպանական մշակույթը: Գիտեք,  հայերի և իսպանացիների միջև մեր հարաբերությունները նոր չեն սկսել, դեռևս վաղ միջնադարում մեր արքաները դաշնակիցներ էին, և դա երևի թե առաջին հերթին պայմանավորված էր ընդհանուր կրոնով՝ քրիստոնեությամբ: Մենք աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, և արդեն 1700 տարուց ավել է` դավանում ենք այդ կրոնը: Այդ ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ հուշակոթողներ: Մի քանի տարի առաջ իսպանացի լրագրողների հետ շփումների ժամանակ նրանցից մեկն ասաց, որ մի երկրում, որտեղ այդքան հին վանքեր, եկեղեցիներ ու խաչքարեր կան, չեմ հավատում, որ մարդն այստեղ կարող է Աստծուն չհավատալ: Անցյալ տարի Հայաստան այցելեց Սրբազան քահանայապետը՝ Ֆրանցիսկոսը, և նա իր այցելությունն անվանեց «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Իսպանացիները` որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում: Հայաստանում շատ բաներ կան, որ կարող են հետաքրքրել իսպանացիներին` լավաշից սկսած Մատենադարանով ավարտած, որտեղ պահվում են ձեռագրեր վաղ ժամանակաշրջաններից` աշխարհի ամենափոքր գրքերից մինչև ամենամեծը: Միջազգային կառույցների վարկանիշներով՝ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է: Հայաստանում կարելի է համտեսել օրգանական սննդամթերքի շատ տեսակներ, մրգեր: Բայց ամենակարևորը՝ հայերը հյուրասիրել գիտեն:

-Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար: Մաղթում եմ ամենաբարին Ձեզ և Ձեր երկրին:

-Շատ շնորհակալ եմ, ես եմ Ձեզ շնորհակալ այս հնարավորության համար: Իսպանալեզու լսարանը շատ կարևոր է մեզ համար:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98