Այլ Լուրեր

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 423.00+0.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2617.50+0.06 COPPER - 9506.00-0.34
LME:  NICKEL - 15718.00-0.62 TIN - 31213.00+0.85
LME:  LEAD - 2019.50+0.77 ZINC - 3029.00-1.86
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
Ռոբերտ Քոչարյան․ կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը
01/06/2016 12:58
Կիսվել

Ռոբերտ Քոչարյան․ կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել 2rd.am կայքին։

Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա սովորաբար լինում է, սկսեցին բազմատեսակ ասեկոսեներ շրջել, երբեմն՝ աներևակայելի, բայց միևնույնն է՝ նեգատիվ բնույթի: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական և քաղաքական տեսանկյունից: Ապրիլյան պատերազմի հետևանքները Դուք համարո՞ւմ եք կատաստրոֆիկ: Դա հաղթանա՞կ էր, թե՝ պարտություն:

Հավաստի տեղեկատվության բացակայությունը միշտ էլ ասեկոսեներ է ծնում, ու որպես կանոն՝ նեգատիվ բնույթի: Դրան գումարած, ակնհայտ է, որ տեղի ունեցածի խեղաթյուրման իմաստ էլ չկար, առավել ևս, որ մեր երկրի մասշտաբներում գործնականում անհնար է թաքցնել ճշմարտությունը:

Իսկ տեղի ունեցավ այն, ինչին պետք էր սպասել: Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը և ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց:

Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը:

Հնարավո՞ր է սեղմ ժամկետներում նախապատրաստվել հավանական նոր պատերազմին նոր ռազմական հաջողությունների հաշվարկով: Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի մեջ, օրինակ` այն բանում, որ մենք տեխնոլոգիապես հետ էինք մնացել սպառազինության առումով:

Պատերազմը կարճ էր և կողմերը չհյուծեցին իրենց պոտենցիալը, այդ պատճառով վերականգնման համար հատուկ ինչ-որ ժամանակ պետք չէ: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով սթափ կգնահատի տեղի ունեցածը և որքանով է նա պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի: Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը /մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջև սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/:

Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը:

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի՞ էր արդյոոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց:

Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր և միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան: 90-ականների սկզբին ֆիդայական շարժումը կոմպենսացնում էր երիտասարդ պետական ինստիտուտների թուլությունը: Բայց Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ և կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ:

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր երկար լռությունն այս թեմայի շուրջ: Ինչո՞ւ Դուք Ղարաբաղ այցելեցիք իրադարձություններից միայն մեկ ամիս անց: Եվ ինչո՞ւ Դուք հրաժարվեցիք գործող նախագահի հետ հանդիպում նախաձեռնելուց: Չէ՞ որ կարող էիք նրան օգնել նվազագույնը խորհուրդներով:

Կրիտիկական իրավիճակում՝ արտաքին վտանգի պարագայում, անվտանգության խնդիրների բացեիբաց քննարկումը պարզ պատճառներով խնդրահարույց է. երկար լռությունը դրա հետ էր կապված: Իսկ լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների:

Հայաստանը չպե՞տք է արդյոք վերանայի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մասնակցության ձևաչափը, ինչպես նաև իր հարաբերությունները միավորումների և դաշինքների որոշ գործընկերների հետ, օրինակ ՝ Բելարուսի և Ղազախստանի:

ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել:

Եվ մեկ հարց ներքաղաքական թեմաներով: Օրերս վարչապետը հայտարարեց պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին: Ըստ Ձեզ, գործող կառավարությունը հաջողության հասնելու շանսեր ունի՞:

Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք:

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97