Վիվասել-ՄՏՍ. Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արևային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արևային վահանակներով և մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արևային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարևոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։
Կանաչ միջոցառումների շարքում, գործարկվել է նաև արևային ջրատաքացուցիչ համակարգ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչը թույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրով՝ առանց արտանետումների տաքացնելով մինչև 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալական նպատակ հետապնդող ձեռներեցություն է։ Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ նպաստելով աղքատության կրճատմանը։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ ձեռք է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորված՝ լիաքարշակ 2 մեքենա: Դրանցում կան նաև անտառապահների համար նախատեսված աշխատանքային գործիքներ՝ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են արագ արձագանքման նպատակով՝ անտառային հրդեհների դեպքում։
Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) և բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը։
«Եթե յուրաքանչյուրն սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարևոր է բնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր և սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարևոր են և ոչ այն պատճառով, որ դրանք նորաձև են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք ևս այդ մտածողության կրողներն ենք և ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարևոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաև համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ՝ «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից։ Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցի՝ էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) շուրջ 20․000 հա զբաղեցնող միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ CWR-ը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:
CWR-ն իրականացնում է վայրի կյանքի մոնիթորինգ՝ ողջ տարածքում տեղադրված և ուղիղ հեռարձակում իրականացնող GPS-ով կառավարվող տեսախցիկների օգնությամբ, տարածքում գործող Էկո-կենտրոնում փորձ է արվում զարգացնել էկոտուրիզմը։ CWR-ը նպաստում է նաև տեղական համայնքների ներգրավմանը բնապահպանական գործընթացներում և տեղական փոքր բիզնեսների զարգացմանը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com