Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Անդրեյ Պյատախին. Հայաստանում Veon հավելվածի գործակմամբ մտադիր ենք մրցակցել OTT ծառայությունների հետ
14/08/2017 15:21
Կիսվել

Անդրեյ Պյատախին. Հայաստանում Veon հավելվածի գործակմամբ մտադիր ենք մրցակցել OTT ծառայությունների հետ

Վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել է նրան, որ բջջային և ֆիքսված կապի աշխարհի առաջատար օպերատորներն իրենց մրցունակությունն ու ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով վերափոխում են բիզնես-մոդելները: 2016թ. նոյեմբերին «Beeline Հայաստան»-ը ևս հայտարարեց բիզնեսի վերակազմավորման մասին: Պարզելու համար, թե ինչ զարգացումներ է գրանցել ընկերությունն այս ժամանակահատվածում, «Բիզնես 24»-ը զրուցել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ:

– Անցյալ տարի «Beeline Հայաստան»-ը հայտարարեց իր բիզնես մոդելը հիմնովին վերափոխելու և թվային օպերատորի վերակազմավորվելու մասին՝ խոստանալով ներդնել առավել նորարարական տեխնոլոգիաներ և ծառայություններ: Ի՞նչ զարգացումներ և արդյունքներ է գրանցել ընկերությունն այս ուղղությամբ:

Մենք աշխատում ենք ներդնել այնպիսի ծառայություններ և ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք իրապես անհրաժեշտ են մեր բաժանորդներին, և երբ մշակում ենք որևէ նոր բան, հստակ գիտակցում ենք, որ դա պետք է համապատասխանի բաժանորդների պահանջներին: Մեր նոր առաջարկներից այսօր բաժանորդների շրջանում առավել մեծ հետաքրքություն ունեն կոնվերգենտ ծառայությունները, մասնավորապես՝ Neo և Quatro փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս մեկ վճարումով ստանալու պահանջված բոլոր ծառայությունները, մասնավորապես Neo փաթեթի դեպքում՝ բջջային և ֆիքսված ինտերնետ, իսկ Quatro փաթեթի դեպքում՝ նաև IP TV ծառայություն: Սա շատ հարմար է, պարզ է և բաժանորդների համար առավել գերադասելի, քանի որ մեկ փաթեթի միջոցով նրանք ստանում են բոլոր ծառայությունները, և այլևս կարիք չկա յուրաքանչյուր ծառայության համար վճարել առաձին: Ծառայությունների փաթեթների պահանջվածության մասին է խոսում նաև այն փաստը, որ BeeTV հավելվածի ներբեռնումների թիվն արդեն գերազանում է 70 հազարը, և մենք բացարձակ առաջատար ենք Հայաստանի մոբայլ հեռուսատեսության շուկայում: Ընդհանուր առմամբ, ծառայությունների փաթեթների ընդլայնումն այն է, ինչ մենք այսօր անում ենք, և Հայաստանում մեզնից բացի ոչ ոք չի անում: Բացի նշվածից, ներկայում մենք իրականացնում ենք նաև ֆիքսված ցանցի արդիականացում և գործարկել ենք նոր ծառայություն Արտաշատում և Աբովյանում, որը առաջին նման փորձն է Հայաստանում, երբ առկա ցանցի հիման վրա, ADSL տեխնոլոգիայի արդիականացման արդյունքում տրամադրվում է գերարագ ինտերնետ՝ մինչև 100 ՄԲ/վ արագությամբ: Մեր ընկերության համար ցանցի արդիականացումը ունի առաջնային նշանակություն, քանի որ ժամանակակից աշխարհում անհնար է առանց ինտենետի՝ թե բջջային, թե ֆիքսված: Առաջիկա տարիներին ևս կշարունակենք աշխատանքներ տանել Հայաստանի ամբողջ տարածքում մեր ցանցի արդիականացման ուղղությամբ՝ նախագծի շրջանակներում իրականացնելով մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ: Այսօր մենք նաև գերարագ ինտենետը հասանելի ենք դարձնում հանրապետության առավել հեռավոր, սահմանամերձ բնակավայրերում՝ օգտագործելով նորագույն LT450 տեխնոլոգիան: Ֆինլանդիայից և Շվեդիայից հետո Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է, որտեղ ներդրվել է այս տեխնոլոգիան և կառուցվել է նման ցանց: Մի խոսքով, մենք զարգանում ենք, փորձում ենք հասկանալ մեր բաժանորդների պահանջները և գործարկում ենք նոր ծառայություններ, որոնք ոչ թե ուղղակի նոր են և գեղեցիկ, այլ իրապես անհրաժեշտ են մեր բաժանորդներին:

– Ընթացիկ տարվա ծրագրերում ընկերությունը հայտարարել էր, որ հայ բաժանորդներին ներկայացնելու է նաև նորարարական լուծումներով մեսինջեր հավելված: Այս մասով ի՞նչ նորություններ կան:

«Beeline Հայաստան»-ը Veon խմբի անդամ է, որը, հեռահաղորդակցության ոլորտի գլոբալ միտումներին համապատասխան, փնտրում է բիզնեսի դիվերսիֆիկացման նոր ուղիներ: Քանի որ ներկայում գնալով առավել մեծ տարածվածություն են ստանում տարաբնույթ մեսինջեր ծառայություններ, և ավանդական ձայնային ծառայությունների պահանջարկը նվազում է, խմբի ընտրած նոր ուղիներից մեկը հենց Veon լուծումն է, որը հավելվածների հարթակ է և հնարավորություն է տալիս օգտվելու մի շարք ծառայություններից, մասնավոպես՝ ոչ միայն զանգեր կատարել և հաղորդագրություններ ուղարկել, այլև պիցցա կամ տաքսի ծառայություն պատվիրել և այլն: Veon հավելվածն արդեն գործարկվել է Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Մենք պատրաստվում ենք մինչև տարվա վերջ Veon-ը գործարկել նաև Հայաստանում: Ներկա դրությամբ ակտիվ նախապատրաստական փուլն է, մենք ուսումնասիրում ենք նշված երկրների փորձը և մեր նպատակն է, որ Հայաստանում Veon-ը լինի լավագույններից լավագույնը:

– Ի՞նչ խնդիրներ կան այսօր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, մասնավորապես՝ պայմանավորված OTT տեխնոլոգիաների զարգացմամբ և տարածմամբ:

Ինչպես ասում են հեռահաղորդակցության ոլորտի փորձագետները՝ «OTT ընկերություններն ուտում են բջջային օպերատորների նախաճաշը»: Հասկանալի է, որ եթե նախկինում բաժանորդները զանգերը կատարում էին ֆիքսված կամ բջջային հեռախոսակապի միջոցով, ապա այսօր դրանք կատարվում են OTT ծառայությունների միջոցով, օրինակ՝ Skype, Vider, Messenger և այլն: Արդյունքում, բջջային կապի օպերատորների եկամուտները ձայնային ծառայություններից կրճատվում են, իսկ OTT ընկերությունների եկամուտներն՝ աճում: Սա, իհարկե, նոր, առողջ և լավ մրցակցությունն է, սակայն պետք է հաշվի առնել կարևոր մի փաստ, որ OTT ընկերությունները փաստացի օգտագործում են մեր ցանցը և ոչ մի OTT ընկերություն Հայաստանում հարկ չի վճարում, մինչդեռ մենք ծախսեր ենք կատարում ցանցի արդիականացման ուղղությամբ, իսկ մեր կողմից վճարվող հարկերն էլ կրճատվում են՝ մրցակցությամբ պայմանավորված: Կան բազմաթիվ մոդելներ, թե ինչպես կարելի է կարգավորել այս հարցը, և դրանց մասին մենք և ոլորտի մեր գործընկերները պարբերաբար տեղեկացնում ենք Հայաստանի համապատասխան պետական կառույցներին, սակայն դեռևս պարզ չէ՝ ինչ կարելի է անել: Միևնույն ժամանակ, տեսնելով, որ մրցակցությունն անխուսափելի է՝ մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք նոր ծառայություններ: Մասնավորապես, Veon հավելվածի գործակմամբ մենք մտադիր ենք մուտք գործել OTT ծառայությունների շուկա և այստեղ ևս լինել ակտիվ խաղացող՝ մրցակցելով շուկայում մեր մասնաբաժնի համար: Իհարկե, սա ռիսկային է, և աշխարհում չկա դեռևս այնպիսի վառ օրինակ, երբ հեռահաղորդակցական ընկերությանը հաջողվել է դառնալ OTT շուկայի ակտիվ խաղացող: Մենք ցանկանում ենք այստեղ էլ լինել առաջինը և հավատում ենք, որ մեզ մոտ դա կստացվի: Ընդհանուր առմամբ, OTT ծառայությունների հետ մրցակցությունը բարդ, բայց հետաքրքիր մարտահրավեր է: Ինչ վերաբերում է ոլորտի մյուս խնդիրներին, ապա այսօր առաջնային է նաև այն, որ դեպի այլ ցանցեր զանգերի արժեքը բավականին բարձր է, ինչը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր միջցանցային զանգի համար սահմանված սակագինը, որը մի օպերատորը վճարում է մյուս օպերատորին, բավականին բարձր է: Հենց այս բարձր սակագնի պատճառով էլ դեպի այլ ցանցեր զանգերի արժեքը բարձր է: Հարևան երկրներում, նաև՝ եվրոպական շատ երկրներում այս սակագինը ցածր է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում սակագինը պետք է իջեցնել և բաժանորդներին առաջարկել միջցանցային զանգերի առավել ցածր գներ: Որպես արդյունք՝ բաժանորդներն ավելի գոհ կլինեն, առավել շատ կօգտվեն միջցանցային զանգերից, և այս պարագայում մենք ոչ թե եկամուտ կկորցնենք, այլ հակառակը՝ կշահենք: Ներկայում մենք այս հարցը քննարկում ենք Հայաստանի կարգավորող մարմնի հետ և հույս ունենք՝ մոտ ապագայում այն դրական լուծում կստանա:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների միջև առկա մրցակցությունը, և ընկերության կանխատեսմամբ՝ ինչպիսի՞ն այն կլինի առաջիկա տարիներին:

Շուկայի վերջին ամենամեծ իրադարձությունը Ucom-ի կողմից Orange-ի գնումն էր: Այսօր Ucom-ը, ինչպես և մեր ընկերությունը, հանդես է գալիս որպես ֆիքսված և բջջային կապի օպերատոր: Մյուս խոշոր խաղացողներից Vivacell-MTS-ը ակտիվ է բջջային կապի շուկայում, իսկ Rostelecom-ը՝ ֆիքսված կապի շուկայում: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաներում, ապագան այն ընկերություններին է, ովքեր միաժամանակ հանդես են գալիս որպես և ֆիքսված, և բջջային կապի օպերատոր, քանի որ այս ընկերությունները կարող են առաջարկել հեռահաղորդակցական ծառայությունների ողջ փաթեթը: Այսօր գլոբալ միտումները տանում են դեպի կոնսոլիդացիա, ինչը թույլ է տալիս խոշոր ընկերությունների նախ՝ տնտեսել ծախսերը, և մյուս կողմից բաժանորդներին առաջարկել լավագույն ծառայությունները՝ լավագույն սակագներով: Ներկայում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունը բավականին զգալի է, բոլոր խոշոր խաղացողները ակտիվ ներդրումներ են իրականացնում: Առկա «գնային պատերազմները» հանգեցնում են նրան, որ Հայաստանում 1 րոպե խոսելաժամանակի և 1 ՄԲ ինտենետի գինը նվազում է և, կարելի է ասել, աշխարհում ամենացածրերից մեկն է: Ընդհանուր առմամբ, հայաստանյան շուկայում մրցակցությունն առողջ է, լուրջ է, և բոլոր ընկերություններն էլ անց են կացնում հետաքրքիր գվազդային արշավներ, իրականացնում են բիզնեսի ընդլայնման ծրագրեր, բարելավում են ծառայությունների որակը, պայքարում են բաժանորդներին պահելու համար, և, իրականում, միմյանց հետ մրցակցությունն ավելի լավ ենք հաղթահարում, քան OTT հավելվածների հետ մրցակցությունը: Հայաստանյան հեռահաղորդակցական ընկերությունների միջև առկա մրցակցության առանձնահատկությունն այն է, որ պայքարում ենք ոչ այնքան նոր բաժանորդ ներգրավելու, այլ որպեսզի բաժանորդը որքան հնարավոր է շատ գումար ծախսի մեր ծառայությունների համար:

– Ի՞նչ ներդրումային ռազմավարություն է ընկերությունն ընտրել և որո՞նք են ներդրումների հիմնական ուղղությունները:

Իրականացվող ներդրումների մի մասը մենք ուղղում ենք ենթակառուցվածքների սպասարկմանը, այսինքն՝ ծրագրային թարմացումներին, կայանների անխափան աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև ցանցի արդիականացմանը: Անցյալ տարի մեկնարկել ենք ֆիքսված կապի բիզնեսի արդիականացումն, այս տարի իրականացնում ենք բջջային ցանցի արդիականացում, փաստացի՝ մենք փոխում ենք ամբողջ ցանցը՝ այդ նպատակին ուղղելով միլիոնավոր դոլարներ: Սա բավականին լուրջ, խոշոր և պատասխանատու նախագիծ է՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Ներդրումների հաջող ուղղությունը նոր պրոդուկտներն են, ինչպես օրինակ` Veon հարթակը, IP TV ծառայությունը: Այս պահին մեզ համար կարևոր է ներդրումների մեկ այլ ուղղությունն ևս. մենք ուզում ենք դառնալ առավել թվային և այդ նպատակով վերափոխում, վերակազմավորում ենք մեր գրասենյակները, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին և կապահովեն «բաց տարածության» (open space) սկզբունքով աշխատանքային միջավայր, ինչը կնպաստի նորարարական գաղափարների իրագործմանը:

– Շուկայի փոփոխություններով պայմանավորված՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում եկամուտների անկում է: Ձեր կանխատեսմամբ՝ ե՞րբ իրավիճակը կկայունանա:

Ոլորտի եկամուտները կրճատվել են OTT ծառայությունների հետ մրցակցության արդյունքում: Հայաստանում միշտ էլ շատ են օգտվել միջազգային զանգերից, և դրանք կազմել են ոլորտի եկամուտների մեծ մասը: OTT հավելվածների տարածմամբ պայմանավորված՝ մարդիկ սկսեցին զանգեր կատարել Viber-ով, Skype-ով և նմանատիպ այլ հավելվածների միջոցով, և ձայնային ծառայություններից եկամուտներն էլ սկսեցին կրճատվել: Ներկայում, սակայն, այս անկումն արդեն դադարել է, և առաջիկա տարիների համար մենք կանխատեսում ենք զրոյական անկում: Մյուս կողմից, եկամուտների կրճատմանը նպաստել է նաև հեռահաղորդակցական ծառայությունների սակագների իջեցումը. եթե համեմատենք 1 րոպե խոսելաժամանակի գինը 5 տարի առաջ և այսօր, ապա կտեսնենք այդ տարբերությունը: Ինչ վերաբերում է տվյալների փոխանցման ծառայություններից ստանցվող եկամուտներին, ապա դրանք աճում են, սակայն դեռևս ոչ այնքան արագ, որքան կրճատվում են ձայնային ծառայությունների եկամուտները: Ընդհանուր առմամբ, մեր ոլորտում եկամուտները կախված են ընդհանուր միջավայրից, երկրի տնտեսական վիճակից: Եթե լինի տնտեսական ակտիվություն, մարդիկ ավելի շատ կսկսեն օգտվել հեռահաղորդակցական ծառայություններից: Այո, այսօր հեռահաղորդակցության ոլորտը գտնվում է ոչ այնքան բարենպաստ վիճակում, ամբողջ աշխարհում հեռահաղորդակցական ընկերությունները փորձում են գտնել բիզնեսի զարգացման նոր ուղղություններ: Սա անվերջ գործընթաց է, և մենք հավատում ենք մեր հաջողությանը, Հայաստանի ապագային:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85