2009Թ.-Ի ԲՅՈՒՋԵԻ ԾՐԱԳԻՐԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԵԼ Է 75,3%-ՈՎ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2009 թվականի պետական բյուջեի կատարման ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 676.4 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցների), իսկ ծախսերը` 824.7 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցների), որոնք տարեկան ծրագիրը կատարել են համապատասխանաբար 75.3%-ով և 92%-ով: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10.9%-ով կամ 82.8 մլրդ դրամով, ընդ որում պետական բյուջեի եկամուտների 77.2%-ը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15.2%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.4%-ը` այլ եկամուտների և 1.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2009 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 522.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 71.6%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2008 թվականի համեմատ հարկային եկամուտները նվազել են 15.9% ով կամ 98.7 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի և հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:
Հարկերի ու տուրքերի 48.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 254.2 մլրդ դրամ և 20.2%-ով կամ 64.2 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 168.9 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 85.3 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և ներմուծումից, և ներքին շրջանառությունից ստացվող գումարները:
Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 42.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 28.5 մլրդ դրամ, որից 13.5 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 10.5 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 14.3 մլրդ դրամ, որից շուրջ 8 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 6.8%-ով կամ ավելի քան 3.1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերի 14.4%-ով`4.8 մլրդ դրամով, նվազմամբ: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 13.5%-ով կամ 1.7 մլրդ դրամով:
Հաշվետու տարում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 15.7% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 81.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 5.1%-ով կամ 4.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների, ոչ ռեզիդենտների և պետական ձեռնարկությունների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 35.1% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաև մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաև ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 8.8 և 59.4 տոկոսով:
2009 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 60.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.5% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 12% ով կամ 6.5 մլրդ դրամով:Հաշվետու տարում մաքսատուրքը կազմել է ավելի քան 25.1 մլրդ դրամ` 32.7% ով կամ 12.2 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը և ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.8%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 19 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 79.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 14.6%-ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման և ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի նվազմամբ:
2009 թվականին գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 22.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` 12.1%-ով կամ 2.5 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:
Հաշվետու տարում պետական բյուջե է մուտքագրվել 330.4 մլն դրամ պարզեցված հարկ, որը 95.1%-ով կամ 6.4 մլրդ դրամով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից "Պարզեցված հարկի մասին" ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:
2009 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 6.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 38.6% ով կամ 3.8 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:
Հաշվետու տարում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 10 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 102.9 մլրդ դրամ և տարեկան ցուցանիշը կատարել 80.1% ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 2%-ով կամ 2.1 մլրդ դրամով: